Ի՞նչու Հայաստանը դե յուրե դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն` ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Կա քաղաքական կամք` ըստ անհրաժեշտության ՀՀ–ի շահերից բխող որևէ որոշում կայացնելու, և իշխանություններն առաջնորդվելու են պետական շահերից ելնելով, այդ թվում` ՀԱՊԿ–ից դուրս գալու–չգալու հետ կապված։ Մեր որոշումներում մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է։ Մեր ուսումնասիրություններն ասում են, որ ՀԱՊԿ գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները, այսինքն` այս իմաստով ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` այս հայտարարությունները սկզբում արել են աշխատանքային մակարդակում, ապա հրապարակայնացրել են, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի։
«Մենք ուզում ենք ամենավերջին հնարավորությունը օգտագործել ՀԱՊԿ–ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը լիարժեք հասկանալի դարձնելու համար»,– ընդգծեց նա։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունները 2018–19 թթ. դիմել են ՀԱՊԿ գործընկերներին ու չեն կարողացել սպառազինություն ձեռք բերել։
«2019–ին էլ ենք փորձել դիվերսիֆիկացնել մեր անվտանգությունը, բայց մեզ ասել են` դուք ՀԱՊԿ–ի անդամ եք, մենք չենք կարող ձեզ զենք տրամադրել»,– նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հավելեց` ՀԱՊԿ–ից չենք կարողանում մեզ անհրաժեշտ սպառազինություն և քաղաքական աջակցություն ստանալ, մյուս կողմից այլ տեղերից աջակցությունը ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է լինում։
Նշենք, որ վերջին ժամանակաշրջանում փորձագետները հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացում են արձանագրում։ Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, սակայն համատեղ զորավարժություններ անցկացրեց ՆԱՏՕ-ի հետ։ Հայկական կողմը չմասնակցեց նաև նոյեմբերի 22–ին և 23-ին Մինսկում կայացած նիստերին։
Sputnik Արմենիա