ԵՄ փաստահավաք առաքելությունը կժամանի Հայաստան

Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կժամանի ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։

Նշվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն տարբեր հարթություններում ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նպատակ ունենալով դիտարկել ԵՄ-ՀՀ կապերի խորացման և ամրապնդման հնարավոր ուղղությունները։ Կքննարկվի նաև, թե ինչպես կարող է Հայաստանն օգտագործել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ողջ ներուժը:

«Ժամանող պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Արտաքին սահմանների անվտանգության Եվրոպական միության գործակալության (Frontex) ներկայացուցիչները կմիանան ԵՄ արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Այցի կապակցությամբ կազդարարվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։

Հիշեցնենք` նոյեմբերի 20–ին Երևանն ու Բրյուսելը Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Կարգավիճակի մասին համաձայնագիրը, ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը

Հավելենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:

Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ` Երևանում:

Sputnik Արմենիա