Սթոլտենբերգը իրական է համարել ահաբեկչական սպառնալիքը Եվրոպայում
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ասել է, որ «ահաբեկչության սպառնալիքը Եվրոպայում իրական է»։
«Մենք ՆԱՏՕ երկրների վրա ռազմական հարձակման անմիջական սպառնալիք չենք տեսնում։ Բայց գոյություն ունի մշտական վտանգ՝ ահաբեկչական գրոհների սպառնալիքը։ Եվրոպայում ահաբեկչության սպառնալիքն իրական է։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Հորդանանում, Թունիսում՝ օգնելով նրանց ավելի լավ վերահսկել իրենց սահմանները և տեղեկություններ փոխանակել»- ասել է նա Tg2 իտալական հեռուստաալիքի հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերել է Adnkronos գործակալությունը։
Մեկնաբանելով իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ մարտական գործողությունների դադարը Գազայի հատվածում «թույլ է տվել ազատ արձակել պատանդներին և օգնություն հասցնել բնակչությանը»։ «Ես կոչ եմ անում երկարացնել դադարը, քանի որ դա Գազայի բնակչությանը շունչ առնելու և պատանդներին ազատելու հնարավորություն կտա»,- ասել է Սթոլտենբերգը։ Նրա հավաստիացմամբ՝ ՆԱՏՕ-ն «երբեք ակտիվ դեր չի խաղացել իսրայելա-պաղեստինկան հակամարտությունում», բայց և այնպես գործում է տարածաշրջանում։ «Մենք անհանգստացած ենք հակամարտության պոտենցիալ թեժացման հետ կապված»,- ավելացրել է գլխավոր քարտուղարը։
News.am