Դիվանագետ․ Իրանը շարունակում է պնդել, որ Կովկասի խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով

Իրանը շարունակում է պնդել` Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, և ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մոհավեդը՝ Երևանում ելույթ ունենալով տարածաշրջանային անվտանգությանը նվիրված գիտաժողովում։

«Իրանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել տարածաշրջանի խաղաղությանն ու բարիդրացիությանը։ Այդ քաղաքականությունը միշտ եղել է տարածաշրջանում առաջընթացի և զարգացման կարևոր գործոն։ Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է դիվանագիտական լուծում ստանան։ Դա կայունության և տնտեսական զարգացման լավագույն միջոցն է»,-նշեց Մոհավեդը։

Նա Հարավային Կովկասն անվանեց զգայուն և խոցելի տարածաշրջան, որը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների համախմբված մոտեցում և լարվածության նոր օջախների կանխմանն ուղղված ջանքեր:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ դիվանագետը նշեց, որ այդ հարաբերությունները Միջին Արևելքում ամենաերկար պատմություններից մեկն ունեն՝ մոտ 4 հազար տարվա:

«Կարևոր է, որ մենք իմանանք Հայաստանի և Իրանի պատմությունը։ Դա հարաբերությունների երկար պատմություն է, բազմաշերտ հարաբերությունների: Հայերը շատ բան են վերցրել Իրանից, միևնույն ժամանակ շատ բան են տվել Իրանին։ Հայերենում կա պարսկական ծագում ունեցող մոտ 1,4 հազար բառ։ Մենք մոտ ենք աշխարհագրորեն և պատմականորեն, և մեր մտերմությունը հիմնված է նաև քաղաքակրթական ընդհանրության վրա»,-ասաց նա։

Դիվանագետը համոզված է, որ այս բոլոր պատմական և ընթացիկ նախադրյալները պետք է լիարժեք օգտագործել տնտեսական, մշակութային և քաղաքական կապերի ակտիվացման համար:

Sputnik Արմենիա