ՀՀ և ՌԴ ներկայացուցիչները կքննարկեն Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակում կքննարկեն հայկական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավիճակը։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությանը։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն էր հայտնել Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ խախտումների ավելացման առնչությամբ:

Քերոբյանի խոսքով՝ նախորդ տարի 40-ից պակաս դեպք է եղել (այժմ արդեն 72-ն է, խմբ.), և այն ժամանակ ևս արտադրանքը ՌԴ-ից վերադարձվում էր:

«Այժմ «Ռոսսելխոզնադզորի» հրապարակումը և եղած տեղեկությունը խորը ուսումնասիրում են մեր համապատասխան մարմինները` խնդրի էությունը հասկանալու համար։ Միաժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ԵՏՀ գործընկերները նախաձեռնել են քննարկում, որը տեղի կունենա այս շաբաթ»,– ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` ռուս գործընկերների հետ փորձելու են հասկանալ, թե ինչ է փոխվել կարգավորումներում, ինչը հանգեցրել է վիճակագրության նման փոփոխության։

Ինչ վերաբերում է հարցի բովանդակային մասին, էկոնոմիկայի նախարարությունը գերակա ուղղություն է համարում բարձրորակ արտադրանքի արտահանման խթանումը տարբեր ուղղություններով:

«Էկոնոմիկայի նախարարության աշխատանքն ուղղված է մեր արտադրանքի ստանդարտների բարձրացմանը։ Դրան են ուղղված նախարարության ծրագրերը։ Ծրագրերի ծավալը նույնպես զգալիորեն աճել է, 2020 թվականին բյուջեն կազմել է 20 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին այն կկազմի 92 մլրդ դրամ»,- նշեց Քերոբյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը մասնակցել է տարբեր ցուցահանդեսների Չինաստանում, ԵՄ–ում, ԱՄՆ–ում` դիվերսիֆիկացիան ապահովելու համար։

«Ցավոք, մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է դուրս գալիս հարմարավետության գոտուց։ Չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, բարձր չափանիշներ պահանջող շուկաներում»,– ասաց Քերոբյանը։

Նրա խոսքով` ներկա իրավիճակը լավ առիթ է արտահանման ռազմավարությունը վերանայելու համար։ Օրինակ` կարելի է ուշադրություն դարձնել Իրաքի, Պարսից ծոցի շուկաներին։ Նախարարը շեշտեց, որ հնարավոր է` լոգիստիկայի մասնակի փոխհատուցման մեխանիզմ ներդրվի։

Հիշեցնենք` այսօր առավոտվա տվյալներով` Վերին Լարսում կուտակված ավելի քան 1700 հայկական բեռնատար կա վրացական և ռուսական կողմերում։

Sputnik Արմենիա