ՀՀ-ում ստեղծվել է տարածաշրջանում հակահայկական քարոզչության դեմ պայքարելու գիտական հիմնադրամ
Տարածաշրջանում հակահայկական քարոզչության դեմ պայքարելու նպատակով Հայաստանում ստեղծվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։
Հիմնադրամը պետք է գիտական փաստերը հակադրի տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությանը և հակահայկական քարոզչությանը։
Հիմնադրամի հիմնական նպատակն է նոր հետազոտական հարթակի ստեղծումն ու զարգացումը, Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտական և վերլուծական աշխատանքի խթանումը գիտական կազմակերպություններում և բուհերում։
Բացի այդ, հիմնադրամը պետք է դառնա համախմբող հարթակ այն մասնագետների համար, որոնք գիտահետազոտական և վերլուծական աշխատանք են իրականացնում հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտներում։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը հիշեցրել է Ադրբեջանի նախաձեռնությունը՝ ստեղծելու «գիտական հիմք» այն փաստի համար, որ Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է։
«Հայ և արտասահմանցի գիտնականները վրդովված էին այս տեղեկությունից։ Սրանից հետո դիմում եղավ ՀՀ վարչապետին. Արդյունքում ստեղծվեց այս հիմնադրամը։ Երկար ժամանակ թե՛ մեր հարևանները, թե՛ մյուս պետությունները պետական մակարդակով համակարգված աշխատում էին մեր պատմությունը խեղաթյուրելու ուղղությամբ։ Ուստի հիմնադրամի ստեղծումը հատկապես արդիական է աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, որոնց էպիկենտրոնում տարածաշրջանային տեսանկյունից, գտնվում է նաև Հայաստանը»,- նշել է Սաղյանը։
Նա կարծում է, որ 30 տարի Հայաստանը համարժեք աշխատանք չի տարել Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությանը հակազդելու համար, և այդ բացը պետք է լրացվի։
Հիմնադրամի ղեկավար, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռոբերտ Ղազարյանը կարևոր է համարում նաև ակտիվորեն ներգրավել միջազգային փորձագետների, հրավիրել նրանց գիտական միջոցառումներին, ինչպես նաև Հայաստանից մասնագետներ ուղարկել արտերկիր։
«Բացի այդ, մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք հեղինակավոր պարբերականներում հոդվածներ տպագրելու, ինչպես նաև գիտական հեռուստատեսային հաղորդումներ կազմակերպելու ուղղությամբ»,- նշել է նա։
Ղազարյանը հիշեցրել է, որ հարևան երկրները (Ադրբեջանն ու Թուրքիան) երկար ժամանակ աշխատել են տարածաշրջանի պատմությունը խեղաթյուրելու և այլ մարդկանց ժառանգությունը յուրացնելու ուղղությամբ։
«Մեր մասնագետներն ակտիվորեն աշխատում են այս երևույթին հակազդելու համար, սակայն այդ ջանքերն ակնհայտորեն բավարար չեն։ Ուստի այս աշխատանքի համար անհրաժեշտ է ստեղծել միասնական հարթակ։ Մենք պետք է մեկ քայլ առաջ լինենք, կանխատեսենք այն ուղղությունը, որով կաշխատեն մեր հարևանները (Ադրբեջանն ու Թուրքիան): Մի քանի տարի առաջ ադրբեջանցիները համաժողով էին կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 550-ամյակին։ Սա պարադոքս է, բայց սա էլ է եղել»,- ընդգծել է հիմնադրամի ղեկավարը։
Նա մատնանշել է հարևանների (Վրաստան և այլ երկրներ) հետ համատեղ աշխատանքի կարևորությունը, որոնց ժառանգությունը ևս Ադրբեջանը փորձում է յուրացնել։
News.am