Աղաջանյան․ Պաշտոնյան ի՞նչ իրավունքով է ստիպում գործարարին փոխադրումներ իրականացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքական գործիչները չպետք է խառնվեն տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և ստիպեն նրանց վաճառել իրենց ապրանքները այլ վայրերում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ապավեն» հայկական խոշոր տրանսպորտային և լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ մեկնաբանելով Վերին Լարսի անցակետի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ի՞նչ իրավունքով է պաշտոնյան ստիպում գործարարին այս կամ այն կերպ փոխադրումներ իրականացնել»,- տարակուսանք է հայտնել նա։
Նրա խոսքով, տնտեսվարող սուբյեկտներն ավելի լավ գիտեն՝ ինչպես կազմակերպել այդ աշխատանքը և ստանալ առավելագույն շահույթ, ինչն արտահայտվում է նաև պետական բյուջե մուտքագրվող հարկերով։
«Մենք այլ երկրների օրինակով տեսանք, թե ինչ եղավ։ Ի վերջո, արգելք է մտցվել թուրքական լոլիկի և վրացական ապրանքների ներմուծման վրա։ Պարզ էր, որ նման քայլեր են արվելու։ Վաղը գազը կարող է թանկանալ։ Մենք կամ պետք է պատրաստ լինենք դրան, կամ ելքեր փնտրենք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մենք դեմ չենք մեր արտադրանքի իրացման շուկայի դիվերսիֆիկացման ընդլայնմանը, թեև հիմա էլ արտահանում է իրականացվում ոչ միայն դեպի Ռուսաստան։ Մյուս կողմից, շատ դժվար է ներթափանցել շուկաներ, որտեղ ոչ ոք ոչինչ չգիտի քո ապրանքի մասին, մինչդեռ Ռուսաստան արտահանվում է ապրանք, որի համար պետք չէ գումար ծախսել գովազդի վրա»,- նշել է Աղաջանյանը։
Նրա գնահատմամբ, միայն «Հայկական ծիրան» կամ «Հայկական կոնյակ» ապրանքանիշը բավական է այդ ապրանքները Ռուսաստանում վաճառելու համար։
«Հիմա փորձեք այս կոնյակն ուղարկել Չինաստան։ Այնտեղ երբեք չի վաճառվի նույն ծավալը, ինչ Ռուսաստանում»,- հավելել է ընկերության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստան մտնող ցորենի զգալի մասը ներկրվում է Ռուսաստանից։