ՃԱՆՃԵՐԸ՝ ԴԵՍ, ԿՈՏԼԵՏՆԵՐԸ՝ ԴԵՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային 9-րդ համաժողովի կողասրահներում հաղորդեց լրագրողներին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է դեկտեմբերի վերջին մեկնել Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպմանը և ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովին։ Այն հարցին, թե արդյոք հավաստի՞ է այդ տեղեկատվությունը, Ուշակովը հավելեց. «Մենք Երևանից ազդանշան ենք ստացել, հստակ ազդանշան»։

ԻՀԱՐԿԵ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԳՆԱ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ՝ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵԱՏՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ. ո՞վ կմորթի ոսկե ձվեր ածող հավը։ Մանավանդ որ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանը Հայաստանի անունից պետք է ընդունի Ռուսաստանի նախագահից կազմակերպության հաջորդ տարվա կառավարման սանձերը։

Դե ինչ, մի քիչ ձևեր թափեցին ՀԱՊԿ-ի վրա, բնավորություն ու «ինքնիշխանություն» ցուցադրեցին, հասան արևմտյան աշխարհի բարեմիտ ուշադրությանը՝ արտարժութային ներարկումների տեսքով։ Հիմա ժամանակն է տուրք տալու այն բոնուսներին, որ Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամությունից և որոնց վրա էլ հիմնականում հենված է հանրապետության տնտեսությունը։ Մանավանդ որ Արևմուտքի այն կանխատեսումները, թե Ռուսաստանը փլուզվում է, եթե արդեն չի փլուզվել, չգիտես ինչու չեն կատարվում։

Ըստ երևույթին, բոյկոտելով ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը՝ Փաշինյանի թիմը այժմ Մոսկվայի հետ հարաբերությունները փոք-ինչ կարգավորելու ուղեգիծ է վերցրել։ Նախանշաններն արդեն կան. վերջին ժամանակներս իշխանական քարոզիչները Մոսկվայի վրա հարձակվում են արդեն ոչ նախկին կատաղությամբ, իսկ ինքը՝ վարչապետը իր վերջին հեռուստաելույթում նույնիսկ հիշատակեց Ռուսաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ. «Հնարավոր չեմ համարում հերքելը ռուսական մշակույթի ահռելի դերը ժամանակակից աշխարհի և քաղաքակրթության վրաՉեմ կարծում, որ լեգիտիմ կարելի է համարել կասկածի տակ դնելը Տոլստոյի, Չայկովսկու, Շոստակովիչի արվեստը: Կարելի է այսպես թվարկել տասնյակ անուններ և՛ մշակույթի, և՛ գիտության, և՛ քաղաքականության ոլորտում»։ Տե՛ս, է, ոնց խոսեց…

Ըստ էության, դա միանգամայն հասկանալի է. ամեն ինչից՝ քիչումիչ, թեև առաջնահերթը, իհարկե, հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների բորբոքումն է։ Հիմա Փաշինյանի թիմն ամենից շատ շրջանառում է այն դրույթը, թե ՀԱՊԿ-ից ոչ մի օգուտ չկա, կազմակերպությունը միայն կաշկանդում է Երևանին՝ այլ երկրների հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների առումով, ուստի պետք չէ գլուխ դնել ՀԱՊԿ-ի հետ։ Բայց դա վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին։ Իսկ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ինչպես ասում է Փաշինյանը, նրա հետ պետք է լավ հարաբերություններ ունենալ և զարգացնել այդ հարաբերությունները։

Եվ բացի այդ, մշտապես իրեն փրկիչ զգացող, մշտապես սխրանքի պատրաստ Փաշինյանը մտադիր է ցուցադրել, թե ինչպես իր օրոք, կազմակերպությունում Հայաստանի նախագահության օրոք առաջ կմղվեն ԵԱՏՄ շահերը և նոր բարձրունքներ կնվաճվեն կազմակերպության անդամ-երկրների տնտեսական համագործակցության մեջ։ Դե, և որ վերցնելով ԵԱՏՄ կառավարման սանձերը, տրորի կազմակերպության այն անդամների քիթը, որոնք մինչև հիմա չեն դադարում շնորհավորել Իլհամ Ալիևին Արցախում հաջողությամբ անցկացրած էթնիկական զտման կապակցությամբ...

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը, այո, կգնա Պետերբուրգ։ Համ էլ պետք է ռուսերեն լեզվի վարժանքներ կատարել, որ տեսնեն, թե հայոց վարչապետն ինչպիսի առաջընթաց է գրանցել այդ ոլորտում։ Դե, և չմոռանանք, որ Պիտերում, ասում են, լավ են կերակրում, բնավ ոչ պակաս, քան Բրյուսելում, Փարիզում կամ Գրանադայում։

Եվ վերջապես, պետք է, չէ՞, պարբերաբար թանկացնի իրեն արևմտյան աշխարհի աչքում։ Չէ՞ որ Հայաստանը հետաքրքրում է Արևմուտքին որպես Մոսկվայի դաշնակից, որին պետք է ջանալ քայլ առ քայլ պոկել Ռուսաստանից։