Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑԻԱ՞, ԹԵ՞...

Հայաստանը կարող է տնտեսության կառուցվածքը փոխելով` մեծ օգուտներ ստանալ ԵԱՏՄ հսկայական շուկայից, սակայն ՀՀ բյուջեով նման փոփոխություն չի նախատեսվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի` այսօր Հայաստանը ոչ միայն չի օգտվում ԵԱՏՄ շուկայի բոլոր հնարավորություններից, այլ և փորձում է «շուստրիություն» անել` հույս ունենալով, որ քաղաքական հարաբերությունների սրումից տնտեսությունը չի տուժի։

«Իշխանությունները կարծում են, որ կարող են տնտեսական հարաբերությունները լավ պահել, իսկ քաղաքական հարաբերությունները սրել, սակայն դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հիմա այս իշխանությունները մի կողմից խոսում են միասնական ԵԱՏՄ էներգետիկ շուկայի մասին, մյուս կողմից ԵԱՏՄ անդամ պետությունների դեմ թշնամական քայլեր են կատարում։ Դու չես կարող երկու աթոռի վրա նստելով ստանալ բոլոր հնարավորությունները ԵԱՏՄ–ից, բայց ԵԱՏՄ անդամ երկրների նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականություն վարել։ Հետևանքները ծանր կլինեն, պատրա՞ստ է արդյոք երկիրը այդ հետևանքներին դիմագրավել»,–ասում է Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև հիշեցնում է, թե ինչ օգուտներ է ՀՀ–ն ստանում ԵԱՏՄ անդամ լինելով. ՌԴ–ն ցորեն է արտահանում միայն ԵԱՏՄ երկրներ, և դա, Խաչատրյանի խոսքով, բոնուս է ՀՀ–ի համար։ Դրանից բացի, ՌԴ–ն գազը երրորդ երկրներին վաճառում է ավելի բարձր գնով, քան ԵԱՏՄ անդամ երկրներին։

Այս համատեքստում Խաչատրյանն անդրադարձավ Վերին Լարսում ՀՀ բեռնատարների հետ կապված խնդիրներին։ Նրա խոսքով` երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Լարսի խնդրով Հայաստանին ոչինչ չի սպառնում, առաջին հերթին նկատի ունեն հենց իրենց։

«Այո՛, իրենց չի սպառնում։ Իրենց աշխատավարձը, «պրեմիան» ստանում են, բա էն հազարավոր մեծ և փոքր գործարարները, այն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ապրում են դրանով, որ իրենց արտադրանքը արտահանվում է ԵԱՏՄ երկիր, բա իրենք ի՞նչ անեն»,–ասում է նա։

Խաչատրյանը նշում է, որ ԵԱՏՄ անդամ լինելը չի արգելում առևտուրը այլ երկրների հետ, պարզապես նշանակում է ԵԱՏՄ երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ։ Ավելին` նա համաձայն է շրջանառվող թեզի հետ, թե Հայաստանի նման պետությունների համար տնտեսության դիվերսիֆիկացումը պարտադիր է։

«Աշխարհի բոլոր երկրներն են փորձում դիվերսիֆիկացնել իրենց տնտեսական հարաբերությունները և ապրանքների արտահանումն ու ներմուծումը չկապել մի ուղղության հետ, որովհետև կարող են բազմաթիվ խնդիրներ լինել, ինչպես 2022 թվականին ՀՀ–ն ունեցավ, երբ սկսեց ուկրաինական պատերազմը, ու ռուբլին կտրուկ արժեզրկվեց։ Արտահանողների մոտ շոկ էր, որովհետև իրենք ոչ միայն եկամուտն էին կորցնում, այլ նաև մեծ կորուստներ էին կրում փոխարժեքի պատճառով»,– նշեց Խաչատրյանը։

Քաղաքական գործիչը հիշեցնում է, որ մինչև 2022 թվականը գոյություն ուներ GSP+ համակարգը, որը հնարավորություն էր տալիս արտոնյալ պայմաններով որոշ ապրանքներ ՀՀ–ից Եվրոպա արտահանել և որից օգտվում էր Հայաստանը, սակայն և՛ այդ ժամանակ, և՛ հիմա դեպի Եվրոպա շատ քիչ ապրանք է արտահանվում։

Ըստ Խաչատրյանի` գործող իշխանությունը այժմ ռիսկային քաղաքականություն է վարում, որը կարող է կործանել տնտեսությունը։

Sputnik Արմենիա