ԱՀ ԱԺ պատագմավորները խուսափեցին պատասխանել գաղտնի նիստ անցկացնելու վերաբերյալ հարցերին
Հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ դեկտեմբերի 2-ին Երևանում Արցախի խորհրդարանը գաղտնի նիստ է անցկացրել։
Aysor.am-ը փորձեց Արցախի պատգամավորներից ճշտել տեղեկությունը, սակայն վերջիններս խուսափեցին մեր հարցերին պատասխանել։
«Ոչ մի հարցի չեմ պատասխանում», - լսելով հարցը՝ ասաց Արցախի ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր Նելա Գրիգորյանը։ ԱՀ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը ևս հարցը լսելուց հետո՝ նշեց, որ ճանապարհին է և հարմար չի խոսելը։ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանի հեռախոսն անջատված էր, իսկ Մետաքսե Հակոբյանը մեր զանգերն անպատասխան թողեց։
Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը խոստացավ ավելի ուշ հարցին պատասխանել՝ նշելով, որ ԱՀ նախագահը խորհրդակցության է և նրա հետ կապ հաստատելուց հետո կտեղեկացնի։
Նշենք, որ թեև որևէ պաշտոնական տեղեկություն չկա, սակայն, ըստ Կարնաուխովի, նիստին մասնակցել են Արցախի խորհրդարանի բոլոր պատգամավորները և երկու նոր պատգամավորներ մանդատ են ստացել։
«Հանդիպման ընթացքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի խնդիրն է միջազգային հարթակներում հասնել Արցախից փախստականների՝ իրենց տներ վերադարձին»,-գրել է Սերգեյ Կարնաուխովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները կտրականապես դեմ են դրան և հայտարարում են, որ Արցախի իշխանության ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։
«Արցախցի պատգամավորները պետք է շարունակեն սկսածը և բաց չթողնեն հնարավորինս շատ մարդկանց տուն բերելու հնարավորությունը»,-գրել է նա։
Նշենք, որ, չնայած Արցախի նախագահի սեպտեմբերի 28-ի հրամանագրին, Արցախի ընտրովի պետական մարմինների, հանրաքվեի արդյունքում ստեղծված հանրապետության լուծարումն անհնար է առանց Արցախի ընտրողների մասնակցության։ Ինքը՝ Սամվել Շահրամանյանը, հայտարարել էր, որ լուծարման հրամանը ուժ չի կարող ունենալ։