Իրանի դեսպան․ Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը

Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և ամուր ու երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները կարող են երկու երկրների համար նոր հնարավորություններ բացել։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի վաղեմի կապերը կարևոր նշանակություն ունեն հարաբերությունների ներկա զարգացման համար։

«Մեր ընդհանուր սահմանը Հայաստանի հետ ամենակարճն է տարածաշրջանի այլ երկրների համեմատ, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է։ Այդ սահմանը միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման։ Երկու երկրները երբեք չեն սպառնացել միմյանց և միշտ հնարավորություններ են ստեղծել փոխադարձ զարգացման համար։ Մեր փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը ավելացել է և հասնում է 1 մլրդ դոլարի։ Երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտում»,- նշել է Սոբհանին։

Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվում է նաև հարաբերությունների զարգացման պոտենցիալը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստի հարաբերությունների զարգացմանը ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր երկրների միջև»,- նշել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանից մինչև Սև ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար։

Այս իմաստով դեսպանն ընդգծել է Հնդկաստանի և Հայաստանի կարևորությունը այդ նախագծին մասնակցության հարցում։

Սոբհանին նշել է, որ որքան ավելի շատ են երկրների տարանցման հնարավորությունները, այնքան ավելի բարձր է դրանց նշանակալիությունն աշխարհում։

News.am