Մարագոս․ ԵՄ-ն ուզում է ՀՀ-ի հետ համագործակցել բոլոր ուղղություններով

ԵՄ պատվիրակությունը այցելել է Հայաստան անցյալ շաբաթ, ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Եղել են շատ ակտիվ քննարկումներ, որոնց արդյունքները կներկայացվեն ԵՄ անդամ պետություններին և շուտով կոնկրետ առաջարկներ կարվեն: Մենք ուզում ենք համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում անվտանգության ոլորտում, CEPA-ի իրականացման, ներդրումների և այլն:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելն ասել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը հետաքրքիր է, որ տեխնիկական առաքելություն է այցելելու Հայաստան այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին,- ասաց նա:

Հարցին, թե անվտանգության ոլորտում համագործակցությունից ինչ կարող է ակնկալել Հայաստանը, Մարագոսը պատասխանեց. «Մենք բոլորս հասկանում ենք Հայաստանի հասարակության հետաքրքրությունը անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության նկատմամբ: Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին, խաղաղության գործի շրջանակներում համագործակցությունն ընդլայնվելու է, մանրամասները ավելի ուշ կհայտնվեն: Ինչպես գիտեք, ԵՄ-ն արդեն մոնիտորինգային առաքելություն ունի սահմանի երկայնքով, որն իր առաջին արդյունքներն է բերել՝ նկատելի է սահմանային լարվածության նվազում վերջին շրջանում: Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները նաև անդամ պետությունների հետ՝ այդ առաքելության շրջանակներն ընդլայնելու համար»:

News.am