ՌԴ պատգամավոր․ ՀԱՊԿ ԽՎ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, ՀՀ-ն աջակցել է դրանց
Հայաստանի ներկայացուցիչներն աջակցել են բոլոր այն որոշումներին, որոնք ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Պետդումայի պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստին, որ դեկտեմբերի 19-ին պետք է կայանա Մոսկվայում: Սիմոնյանը դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները, հետևաբար իր մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին անտեղի է համարում։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի ներկայացուցիչները միշտ աջակցել են բոլոր այն որոշումներին, որոնք մենք կայացրել ենք»,- հայտարարել է Վիբորնին։
Նրա խոսքով` ՀԱՊԿ ԽՎ-ն կարևոր միջազգային հարթակ է, որը պաշտպանության և անվտանգության հարցերը դիտարկում է որպես միասնական և անբաժանելի կատեգորիաներ, և առանց բացառության բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ «Երբ կա միասնական ըմբռնում այո, այսպես պետք է լինի»,– հավելել է Վիբորնին:
Նա նշել է, որ եթե այս կամ այն կողմը հանդես է գալիս նախաձեռնությամբ, այն մշակվում է, և որոշում է կայացվում, բայց վերջին շրջանում ինքը չի հիշում, որ Հայաստանի ներկայացուցիչները հանդես գան նախաձեռնություններով, որոնք քննարկվել են, բայց չեն ընդունվել։
«Հետևաբար, ամենայն հավանականությամբ, այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա, գուցե դա ասվել է էմոցիոնալ վիճակում <...> կամ այն խնդիրների պատճառով, որոնք այսօր կան պետության ներսում»,- կարծում է պատգամավորը։
Վիբորնիի խոսքով` այնքան էլ պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը, երբ հայտարարություններ են հնչում այն մասին, որ ՀԱՊԿ-ն իբր ինչ-որ պարտավորություններ չի կատարում:
«Գուցե դա կապված է որոշ մարդկանց, քաղաքական գործիչների թյուրըմբռնումների հետ»,-ասել է խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում:
Sputnik Արմենիա