Զախարովա․ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օպերատիվ համաձայնեցնել տրանսպորտային նախագծերը

Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական կամքի առկայության դեպքում կարող են օպերատիվ համաձայնեցնել հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետների նախագահությամբ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում էական առաջընթաց է գրանցվել:

«Կարծում ենք, որ եռակողմ խմբի շրջանակում պայմանավորվածություններ ձեռք բերելու հետագա ձգձգումը տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի շահերի դեմ կաշխատի»,-ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք քննարկվում են վերջին տարիներին ՌԴ–ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

Sputnik Արմենիա