ԱՂԵՏԻ ԳՈՏԻ Է ՈՂՋ ԵՐԿԻՐԸ

Դեկտեմբերի 6-ին խորհրդարանում շարունակվեցին հաջորդ տարվա պետբյուջեի ճշգրտված նախագծի քննարկումները, որոնց ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 2024 թվականին նախատեսված են 47,3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր, ընդ որում գումարն ընթացքում կարող է և ավելանալ: Իսկ ես հիշում եմ դեկտեմբերի 7-ը, երբ 35 տարի առաջ սասանվեց հայոց հողը, և մեր կյանքում տասնամյակներ շարունակ ամրացավ «աղետի գոտի» հասկացությունը…

Իհարկե, այդ երկու աղետների՝ բնականի և սարքածի համեմատումն այնքան էլ ճիշտ չէ, հենց թեկուզ այն պատճառով, որ առաջինի դեպքում մեղավոր չկա, իսկ այ երկրորդի պարագայում հեղինակողը միանգամայն ակնհայտ է: Այդուհանդերձ երկու աղետների միջև որոշ զուգահեռներ ու սպառնալիքներ նշմարվում են:

ՈՒՂԻՂ 35 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՑՆՑԵՑ ԵՐԿԻՐԸ։ Բայց այն ժամանակ դա անծայրածիր, հսկայական երկիր էր՝ ահռելի ռեսուրսներով, թեև պատմական հեռանկարում նրա կյանքը մոտեցել էր ավարտին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 1989-2008 թվականներին խորհրդային, պետական և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ լուծվել է շուրջ 60 հազար մարդու բնակարանային խնդիր։ ԽՍՀՄ փլուզումից հետո միայնակ մնալով սարսափելի արհավիրքի հետևանքների առջև՝ փոքրիկ Հայաստանը, ընդ որում գտնվելով պատերազմական վիճակում, փորձում էր հաղթահարել աղետի գոտու վերականգնման խնդիրը։ Ստացվեց շատ երկար, երբեմն՝ քաոսային, հաճախ ՝ ֆինանսավորման մնացորդային սկզբունքով։

Իշխանությունները պարբերաբար հայտարարում էին, թե մենք վերջնականապես հրաժեշտ ենք տվել «աղետի գոտի» բուն հասկացությանը, բայց հետո պարզվում էր, որ տարերքի մոլեգնության հետևանքով անօթևան մնացած վերջին տուժածները դեռ շարունակում են փոխհատուցիչ բնակարաններ ստանալ պետությունից։ Այսպես, և՛ 2019-ին, և՛ 2020-ին աղետի գոտում դեռևս շարունակում էին մնալ փտած տնակներում ապրող ընտանիքներ, թեև հերթական անգամ հայտարարվել էր, թե Հայաստանի իշխանությունները ծրագրում են 2020-ին վերջնականապես լուծել 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բոլոր անձանց տանիքով ապահովելու հարցը։ Հայաստանի 2020 թվականի պետբյուջեով աղետի գոտուն հատկացվեց 3 մլրդ դրամ։ Այդ գումարով պետք է լուծվեին մնացած 226 ընտանիքների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ Հայաստանի կառավարությունը դե յուրե պարտավորություններ ուներ։

Փաստորեն 2018-ին իշխանության եկած Փաշինյանի կառավարությանը մնում էր ավարտին հասցնել երկրաշարժի գոտու ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը և գեղեցկաբար իրեն վերագրել «աղետի գոտի» հասկացությունը մեր կյանքից բացառելու փառքը։ Սակայն տարբեր պատճառներով, այդ թվում՝ բյուջեով նախատեսվող կապիտալ շինարարության ծրագրերի քրոնիկ թերակատարման պատճառով, մենք այսօր էլ՝ «ժողովրդական» իշխանության հինգուկես տարվա կառավարումից հետո, չենք կարող լիարժեք փաստել, թե երկրում չի մնացել ոչ մի ժամանակավոր տնակ և ոչ մի քաղաքացի, որի առջև պետությունը չի կատարել բնակարան տրամադրելու իր պարտավորությունները։ Տնակներն ու վթարային շենքերը շարունակում են մնալ այսօրվա տխուր իրողություն, իսկ 2020 թվականի պատերազմում անփառունակ պարտության և Արցախի լքման պատճառով այսօր աղետի գոտի կարող է համարվել ողջ Հայաստանը:

ԲԱՅՑ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ։ Ծրագրի հերթական ավարտական փուլը մեկնարկեց 2020 թվականին և պետք է ամբողջությամբ իրականացված լիներ 2021 թվականի տարեվերջին։ Այդ երկու տարվա ընթացքում բնակարանով պետք է ապահովվեին ոչ թե նախկինում նշված 226, այլ 242 ընտանիք, քանի որ այդ ժամանակահատվածում որոշ բնակիչների հաջողվել էր դատական կարգով վերականգնել պետությունից բնակարան ստանալու իրենց իրավունքը: Այդ ընտանիքներից, ինչպես ժամանակին հաղորդեցին «ԳԱ»-ի թղթակցին Քաղաքաշինության կոմիտեում, 214-ին բնակարանային խնդիրը լուծելու համար պետբյուջեից հատկացվել է 3.37 մլրդ դրամ։ Մնացած 28 ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչներ են, որոնց բնակարանային խնդրի լուծումը կապված էր նրանց վերաբնակեցման հետ՝ գյուղի մոտ Կապսի ջրամբարի կառուցման նկատառումով:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույնիսկ ծրագրի ավարտից հետո աղետի գոտում դեռևս չլուծված են մնում ոչ հիմնական շինություններում (ժամանակավոր տնակներում) և անբավարար (վթարային) տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրները: Նրանց կարիքների փուլ առ փուլ բավարարումը կտևի ևս մի քանի տարի։

Ինչևէ, 35 տարի առաջ մոլեգնած տարերքի հետևանքներից հրաշքով բուժվել չստացվեց։ «ԳԱ»-ն այն ժամանակից ի վեր թերթի հարյուրավոր էջեր է նվիրել այս խնդրին՝ պնդելով, մասնավորապես, որ աղետի գոտու խնդիրների լուծմանը պետք է ցուցաբերել համակողմանի մոտեցում, այլ ոչ թե սահմանափակվել հիվանդության դեմ մեկանգամյա «թրջոցներով»։ Այսինքն շեշտը պետք է դնել ոչ միայն բնակարանների շահագործման, այլ գլխավորապես՝ պահպանված արտադրական հզորությունների կայուն գործունեության ապահովման վրա, չենք խոսում արդեն նոր ձեռնարկությունների հիմնադրման մասին

Եվ երբ այսօր Հայաստանի «ժողովրդավարական» իշխանությունը, որն անտրտունջ հանձնեց Արցախը Բաքվի բռնապետական ռեժիմին, ջանում է ներկայանալ իբրև պատմական Հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների գրեթե բարերար, դա ամենաիսկական զավեշտ է թվում։ Փաշինյանի կառավարության ծնած աջակցության բոլոր ծրագրերը կոտրած գրոշ անգամ չարժեն, քանզի փախստականները, որոնք թողել են իրենց ողջ ունեցվածքը, որն իր արժեքով անհամեմատելի է կառավարության տված «ողորմության» հետ, բախվելու են նույն համակարգային խնդիրներին, ինչ որ ժամանակին՝ երկրաշարժից տուժածները։

Կրկնենք. թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա մեզ պետք է ոչ թե «հրշեջ բրիգադ», այլ համակարգային ազդեցություն իրավիճակի վրա։ Իսկ արագ և իրական վերածննդի աղբյուր կարող են լինել միայն սեփական կայուն ռեսուրսները, այն է՝ աշխատող արդյունաբերությունը։ Միայն դա կարող է ապահովել մարդկանց զանգվածային աշխատատեղերով, մշտական եկամուտով։ Մինչդեռ իրականում հայկական արդյունաբերությունն այսօր ոչ միայն չի աճում, այլև մինուսային վիճակում է։

Տեղի ունեցող ամենը իսկական դեժավյու է թվում։ Կառավարությունը դեռ երկար է մտածելու, թե ինչպես լուծի փախստականների բնակարանային խնդիրը մշտական հիմունքներով, և այս ամենը ձգվելու է երկար տարիներ։ Կառավարության տրամադրած սառը և նորմալ ապրելու համար ոչ պիտանի ժամանակավոր կացարանները կրկին կդառնան մեր առօրեական իրականությունը: Բայցև վերջապես տանիք ստանալով գլխավերևում՝ արցախցիներն առանց կայուն աշխատանքի չեն կարողանա լիարժեք ինտեգրվել Հայաստանում, և նրանցից շատերը, վերջնականապես հուսահատվելով, ի վերջո կմեկնեն այլ երկրներ: