2023-12-08 11:27
Լրատվական գործակալություններ
Դինքին սպանած Օգյուն Սամասթը այս անգամ դատարանի առաջ է կանգնել գյուլենական լինելու մեղադրանքով
Հրանտ Դինքի սպանության իրագործման համար 16 տարի բանտում անցկացնելուց հետո «լավ վարքի» համար ազատ արձակված Օգյուն Սամասթը դատարանի առաջ է կանգնել Թուրքիայում ահաբեկչական հռչակված «Գյուլենական շարժման» անդամ լինելու մեղադրանքով։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14–րդ դատարանում սկսվել է Օգյուն Սամասթի դեմ նոր դատական գործը լսումները, ըստ որի նա մեղադրվում է ահաբեկչական «Գյուլենական շարժման անդամ լինելու» և այդ կառույցի կողմից հրահանգով Դինքի սպանությունն իրականացնելու մեղադրանքով։
Օգյուն Սամասթը դատական նիստին Տրապիզոնի դատարանից է մասնակցել տեսակապի միջոցով։ Դատական նիստին մասնակցել են նաև Դինքի փաստաբանները և լրագրողներ։
Դատարանը որոշում է կայացրել Օգյուն Սամասթին արգելել երկրից դուրս գալ։
News.am