ԻՍԿ ԴՈՒՔ ԼՐՋՈՐԵՆ ԿԱՐԾՈՒՄ ԷԻՔ, ԹԵ ԵՄ-Ն ԿՌՎԵԼՈ՞Ւ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ

Եվրամիությունը մտադիր չէ զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, այն արժեքների քաղաքական և տնտեսական համայնք է»,-նշել է Ստանոն՝ հավելելով, որ Եվրամիությունը չի նախատեսում հայ զինվորականներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում։ ԵՄ-ն ուսումնասիրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն այս առումով կոնկրետ որոշումներ դեռ չկան:

ԿԱՍԵՔ՝ ԿԱՐՈՂ ԷԻՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԶԳՈՒՇԱՑՆԵԼ: Նախքան Եվրամիության առաքելություն Հայաստան ուղարկելը՝ «տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը օժանդակելու» ծանուցված նպատակով։ Թե՞ զգուշացրել են։ Որ «անվտանգության ամրապնդմանն օժանդակելը» ընդհանուր ոչինչ չունի մեր սահմանները ադրբեջանական զինուժից պաշտպանելու հետ կամ առնվազն զգոն հետևելու, որ Ալիևն իրեն խելոք պահի, և իրականացվելու է «արժեքների քաղաքական և տնտեսական համայնքի» բազմացման հաշվին:

Օրերս գրել էինք, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության իրականացման և ընդհանուր արտաքին քաղաքականության ու անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ տարեկան զեկույցները: Եվ զեկույցներում դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, կոչ է արվում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների համար: Զուգահեռաբար հավանություն է տրվում Հայաստանում Եվրամիության առաքելության ստեղծմանը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանն աջակցելու նպատակով, և առաջարկվում ավելացնել փորձագետների թիվն առաքելության կազմում:

Տեսնո՞ւմ եք հակասությունները: Մի կողմից՝ Բաքվի ագրեսիվ քաղաքականության և Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների արձանագրում, մյուս կողմից՝ ներբողներ ԵՄ առաքելության հասցեին, որին Հայաստան են հրավիրել անվտանգությունն ամրապնդելու համար, բայց այն ոչ մի կերպ չի կարողանում ազդել ագրեսիվ հարևանի վրա։ Բառացիորեն օրերս ադրբեջանական գնդակից զոհվեց ևս մեկ հայ զինծառայող։ Ի՞նչ ենք լսում այդ առնչությամբ ԵՄ առաքելության ներկայացուցիչներից։ Լսվում ենք միայն, որ նրանք ընդլայնում են իրենց ներկայության արեալը (օպերատիվ բազաներ Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում ու Եղեգնաձորում, կապի և ապահովման գրասենյակ Երևանում) և ավելացնում մարդկանց թիվը՝ հավաքագրում հայտարարելով 23 պաշտոնների համար։ Երևի կարծում են, թե քանակը որակ կբերի։

«Օպերատիվ բազաներ». ինչի՞ մասին են դրանք։ Ակնհայտորեն՝ «արժեքների քաղաքական և տնտեսական համայնքի» մասին։ Իսկապես, ախր դա բնավ ամենագլխավորը չէ, որ այսօր պետք է մեր սահմանամերձ գոտուն ու Ադրբեջանի մշտական ռազմական սադրանքների հետևանքով սահմանի վրա զոհվող զինվորներին։

«Իրականում Եվրամիությունն իսկապես ռազմական դաշինք չէ, դրան չես առարկի»,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը:- Ռազմական դաշինքը ՆԱՏՕ-ն է, որի անդամները նաև Եվրամիության անդամ են: Ի՞նչ են անում այստեղ ԵՄ դիտորդները: Իրականացնում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկում, արդյունքների մասին զեկուցում մի քանի հասցեներով, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահին։ Ընդ որում Հայաստանում գտնվող եվրադիտորդները, որոնք ՆԱՏՕ-ի երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներ են (առաքելության ղեկավարը Գերմանիայից է, նրա տեղակալը՝ Ֆրանսիայից), ինչպես ռազմական հետախուզության, այնպես էլ հատուկ ծառայությունների գործակալներ են։ Նրանց հիմնական առաքելությունը տեղեկություններ հավաքելն է այստեղ ռուսական ռազմական ներկայության տեղակայման, ռուսական զինտեխնիկայի, զորակազմի և այլնի մասին»։

ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ ՝ ԿԱՐԵՎՈՐ Է ՆԱԵՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ: Քանի որ Իրանը հավաքական Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավոր թիրախներից մեկն է։

«Եթե հիշեք, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նախ ծանուցվեց 2 ամսով, հետո փաշինյանական իշխանության նախաձեռնությամբ դրա ներկայության ժամկետը երկարաձգեցին, իսկ թվաքանակն ավելացրեցին,- նշեց Նահապետյանը։- Ավելին, 50 զրահամեքենաները, որոնք Հայաստան է ուղարկում Ֆրանսիան, զրոյական օգուտ են բերում մարտական գործողությունների ժամանակ: Դրանք բերում են հենց եվրոպացի դիտորդների համար, որոնք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կդառնան սահմանը հսկող խաղաղապահներ։ Երբ եվրադիտորդներն այսօր հայտարարում են անվտանգային բաղադրիչի մասին, նրանք նկատի ունեն առաջին հերթին հետախուզությունը, բայց ոչ թե ի շահ մեր երկրի, այլ ընդդեմ։ Նրանք, ըստ էության, ասում են. մենք ձեզ համար չենք կռվելու, մքներիցդ հանեք դա։ ԵՄ-ն ռազմական դաշինք չէ, դա ճիշտ է, բայց ՆԱՏՕ-ն էլ մեզ համար չի կռվի, ինչպես որ չի անում դա Ուկրաինայում։ Մեզ համար սա մեսիջ է առ այն, որ երբ ռուսական ռազմական ներկայությունը դուրս բերվի Հայաստանից, իսկ Ադրբեջանը սկսի պահանջել Երևանի հանձնումն առանց մարտի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն մեզ չեն օգնի։ Ի՞նչ կանի Փաշինյանը. հայոց մայրաքաղաքի բանալիները կհանձնի Ալիևին»

Ընդ որում, իհարկե, արժե ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստան հրավիրելով անորոշ նպատակներ հետապնդող ԵՄ դիտորդական առաքելությանը, Հայաստանի իշխանությունները միևնույն ժամանակ մերժել են Ռուսաստանի նախաձեռնությամբ Երևանին բազմիցս արված առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման և Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման մասին։

«ԵՄ-ի և ՀԱՊԿ-ի առաքելության միջև տարբերությունը մեծ է. ՀԱՊԿ-ի առաքելության նպատակը կլիներ կանխել ռազմական գործողությունները, պատերազմը տարածաշրջանում։ Դա կենսական կարևորություն ունի, հատկապես Ռուսաստանի համար»,- փաստում է Ա.Նահապետյանը:- ՀԱՊԿ-ն այստեղ իր առաքելությունը կիրականացներ այլ կերպ, ոչ նրա համար, որ զեկուցի Ալիևին կամ Բրյուսելին։ Ի դեպ, երբ անցած տարի Բաքվի ագրեսիայի հետևանքով մարտական գործողություններ ծավալվեցին Գեղարքունիքի մարզից մինչև Սյունիք, որոնք տևեցին 2 օր, դրանք դադարեցվեցին ռուսական կողմի, այդ թվում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների անմիջական ջանքերով։ Մինչդեռ ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված քանի՞ միջադեպ է եղել այստեղ ԵՄ առաքելության գտնվելու ընթացքում։ Բազմաթիվ։ Նրանք որևէ կարպ կասեցրեցի՞ն դա: Ոչ։ Եվ մտադիր էլ չեն»։