ԶՊՄԿ-ի պահնորդի ընտանիքը դեմ է, որ մարդասպանին հանձնեն հայ ռազմագերիների փոխարեն
Ադրբեջանցի զինծառայող Հուսեին Ախունդովի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի ընտանիքը դեմ է, որ ադրբեջանցուն ՀՀ իշխանություները հանձնեն մեր գերիների դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայրապետ Մելիքսեթյանի փեսան` Զորայր Գալստյանը։
Հայտնել ենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր Ղազախ–Իջևան սահմանին։
«Մեր կարծիքը չեն հարցրել։ Լավ է, որ գերիները գալիս են, թող բոլորն էլ գան, բայց այն, որ մեր ընտանիքի կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում, բարոյապես սխալ է։ Եկել են, սպանել են աներոջս, ու պետական կառույցներից որևէ մեկը չի գալիս, ասում` գիտե՞ք ինչ կա, քաղաքական հարց է, պետք է վերադարձնենք ադրբեջանցի մարդսպանին, ու դուք` որպես այդ ընտանիքի անդամներ, ճիշտ է, որ առաջինն իմանաք այդ մասին, ձեզ տեղեկացնենք»,– նշեց Գալստյանը։
Ըստ նրա` աներոջ սպանությունից հետո պետական կառույցներից ոչ մի մարդ չի եկել իրենց տուն, անգամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Գալստյանի խոսքով` Ադրբեջանը վերադարձնում է 32 մարդու, որոնք ընդհանրապես մեղք չեն գործել, թեև շինծու դատական գործեր էին սարքել այդ մարդկանց վրա, մինչդեռ ՀՀ–ն վերադարձնում է հանցագործի։
«Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ վերադրաձվող հայ գերիներից մեկն անգամ չնչին ձևով իր պետությանը վնաս է տվել, նրան չի վերադարձնի։ Իսկ այստեղ գտնվող ադբեջանցին, գիտեն, որ սպանություն է արել ու հիմա` առանց ընտանիքի կարծիքը հարցնելու, նրան հանձնում են Ադրբեջանին։ Մենք, իհարկե, դեմ ենք ու ուզում ենք, որ մարդասպանները ցմահ դատապարտվեն»,– ընդգծեց Գալստյանը։
Նա վստահեցրեց, որ հարցն այդպես չեն թողնելու ու անպայման միջազգային ատյաններին են դիմելու, որ ադրբեջանցի մարդասպանը գոնե Ադրբեջանում շարունակի կրել իր պատիժը։
«Այդ վրեժը մենք մեր ձեռքով լուծելու ենք, կյանքը դեռ առջևում է»,– ասաց Գալստյանը։