Չալաբյան․ Քաղաքական գործ է. ուզում են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ

Այս ամբողջ գործընթացը բացարձակապես քաղաքականացված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում, , ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Դուք տեսաք, որ պատիժը կապված է քաղաքական գործունեության արգելքի հետ։ Նրանք փորձելու են, որ երկու տարի ես հավաքներ չկազմակերպեմ, հավաքներին չմասնակցեմ, քաղաքական գործունեության չմասնակցեմ:

Բնականաբար, ես իմ մեղքը չեմ ընդունելու։ Անկախ նրանից, թե այս դատարանում ինչ վճիռ է կայացվելու, մենք դա բողոքարկելու ենք և հետևողական շարունակելու ենք գնալ բոլոր ատյաններով։ Հատուկ ուզում եմ նշել դատախազի շատ պարադոքսալ միտքը, որ եթե ես իմ մեղքը չեմ ընդունում, դա ծանրացուցիչ հանգամանք է։ Դա աբսուրդ է, յուրաքանչյուրը դրա իրավունքն ունի»,-նշեց նա։

Նշենք, որ այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդեց Չալաբյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ քանի որ Չալաբյանը ամիսներ շարունակ եղել է անազատության մեջ, դատախազը միջնորդեց Ավետիք Չալաբայանի նկատմամբ վերջանական պատիժ նշանակել ազատության սահմանափակում 1 տարի 11 ամիս 4 օր ժամկետով:

Վճիռը կհրապարակի դեկտեմբերի 21-ին, 17։30-ին։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու համար։

Քննչական կոմիտեի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն էր։

Ըստ ձայնագրության՝ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել էր նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Չալաբյանի հետ։

Էմմա Սարգսյանը փոխանցում է ուսխորհրդի նախագահին՝ Չալաբյանի առաջարկը՝ մեկ ուսանողի դիմաց 1,000 դրամով մասնակցել ընդդիմության հավաքներին։

Ըստ իրավապահների` ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։

Չալաբյանը կալանավորվել էր 2 ամսով, ապա ազատ արձակվել։ Այնուհետև դարձյալ կանալավորվել է 3 ամսով և 15 մլն դրամ գրավով ազատ արձակվել։

News.am