Հնարավոր է` ՀԱՊԿ-ում միացյալ մամուլի կենտրոն ստեղծվի

ՀԱՊԿ քարտուղարությունում քննարկվել է միացյալ մամուլի կենտրոն ստեղծելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կազմակերպության քարտուղարությունում կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունների (տեղեկատվական ստորաբաժանումների) ղեկավարների խորհրդակցություններ։

Հավաքվածները քննարկել են ՀԱՊԿ գործունեության մասին օբյեկտիվ և ամբողջական տեղեկատվության առաջմղման հետ կապված հարցեր։ Նրանք դիտարկել են կազմակերպության գործունեությունը խեղաթյուրող տեղեկությունների տարածմանը համատեղ հակազդելու մեթոդները: Կողմերը պայմանավորվել են հատուկ ուշադրություն դարձնել արդիական տեղեկատվական և վերլուծական նյութերի օպերատիվ փոխանակմանը:

Քննարկվել են նաև տարբեր միջոցառումների, այդ թվում` համատեղ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ միացյալ մամուլի կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:

Sputnik Արմենիա