Պարզվել է` ինչ է տեղի ունեցել Մուսալեռի դպրոցում. 3 աշակերտ դեռ հիվանդանոցում է

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից այսօր հոսպիտալացված 8 երեխաներից 5-ը դուրս են գրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նախարարությունից հայտնեցին նաև, որ 3-ի վիճակը բավարար է, բայց նրանք շարունակում են գտնվել են բժիշկների հսկողության տակ։

Նրանք բոլորն ունեցել են թուլություն, սրտխառնոց և գլխապտույտ։

Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ոստիկանները պարզել են երեխաների ինքնազգացողության վատթարացման պատճառը։

«10-րդ դասարանի աշակերտներից մեկն իր հետ դպրոց էր բերել գազային բալոն, որոնք վաճառում են որսորդական խանութներում։ Փչել էր այն միջանցքում, որից հետո երեխաների մոտ հազ է առաջացել»,– ասաց նա։

Նա տեղեկացրեց նաև , որ ոչ մի աշակերտի մոտ թունավորում չի եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր տարհանվել են ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։