ԼՈՒԿԱՇԵՆԿՈԻ «ՈՒՍԸ»՝ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԼԻԵՎԻՆ

Բելառուսի նախագահ, Հեյդար Ալիևի շքանշանակիր Լուկաշենկոն, հայկական հողերի շուրջ չհաջողված, ամոթալի առևտրային գործարքի առաջարկի մասին սկանդալային ձայնագրության արտահոսքից հետո, շարունակում է տարբեր առիթներով պնդել, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ համաձայներ Իլհամ Ալիևի առաջարկած հինգ միլիարդի գործարքին` ազատագրված և Արցախի անվտանգային գոտի դարձած հինգ շրջանները հանձնելու՝ առանց անվտանգության երաշխիքների և բանակցություններում ձեռք բերված հիմնարար սկզբունքների ամրագրման ու ապահովման:

Դե ինչ, Բելառուսի նախագահի համար ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ հիմա, ցավոք, այդպես էլ հասկանալի չէ, որ հայրենավաճառությունը, ինչպես էլ փաթեթավորվի այդ տգեղ առաջարկը, զազրելի և անընդունելի է, և որ իր առաջարկած պայմաններով 150 հազար արցախահայերին հարվածի տակ դնելը առնվազն անպատասխանատվություն ու արկածախնդրություն է:

Իսկ եթե այդ առաջարկի իբր օգտակարությունն արդարացնելու համար մեջբերում է այսօր ստեղծված իրավիճակը, ապա և՛ նա, և՛ իր գործընկեր Ալիևը լավ գիտեն, որ մինչև 2018թ. Ադրբեջանին երբեք ու երբեք չի հաջողվել հայկական սահմանի առաջնագիծը հատել, և նման փորձերը ոչ միայն անհաջողության են մատնվել, այլև համարժեք պատասխան են ստացել: Իսկ Իլհամ Ալիևը իր կառավարության անդամներին նեղսրտած պատմում էր, որ իրեն ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը:

Այն, որ Ալիևը չի թաքցրել և հրապարակային հայտարարել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցածում իրենց դերակատարության, ՀՀ գործող կառավարիչներին աջակցության մասին, և այն, ինչ կատարվեց 2018-ից ի վեր, պետք է որ Բելառուսի նախագահին այլ՝ հիմնավոր, եզրահանգման տաներ, բայց նա ձայնակցում է Հայաստանում ազգային ուժերի ռևանշից սարսափող Ալիևին և Հայաստանում նրա համախոհ-գործընկերներին՝ փորձելով տեղի ունեցած աղետի մեղավորության սլաքները միտումնավոր և նպատակային տեղափոխել դեպի նախկին իշխանությունները:

Բելառուսի նախագահը դրվատանքով և մեծ հավատով է խոսում Ալիևի քաղաքակիրթ լինելու խոստումների մասին: Լուկաշենկոն, ըստ երևույթին, քաղաքակիրթ լինելու վառ վկայություն է համարում Հունգարիայի մայրաքաղաքում դեռևս 2004 թվականին նույն ծրագրի շրջանակում դասընթացների մասնակցող հայ սպային գիշերը քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինծառայողին Բաքվում որպես հերոսի դիմավորած և բարձր պարգևների արժանացրած Իլհամ Ալիևի քայլը:

Լուկաշենկոն, հավանաբար, չի տեսել համացանցում ադրբեջանական զինծառայողների տարածած բազմաթիվ տեսանյութեր, որտեղ «քաղաքակիրթ» ղեկավարի հրամանատարության ներքո գտնվող բանակի զինվորները 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հայ ռազմագերիներին աննկարագրելի դաժանությամբ խոշտանգում և գնդակահարում են, Արցախի գյուղերում կտրում են անօգնական, տանը միայնակ մնացած տարեց, հաշմանդամ մարդկանց գլուխները և հպարտորեն ցուցադրում իրենց տելեգրամյան ալիքներում: Միգուցե նա քաղաքակրթության դրսևորո՞ւմ է համարում պատերազմի առաջին իսկ օրերից սկսած՝ Արցախի հայկական մշակույթի օբյեկտների, դպրոցների, հիվանդանոցների հրթիռակոծումը, արգելված զենքերի կիրառմամբ Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը թիրախավորելը, իսկ միգուցե քաղաքակիրթ ղեկավարի վարքագի՞ծ է Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը՝ գազանաբար խոշտանգված, սպանված հայ զինվորներին և շղթայված գերիներին ներկայացնող տեսարանների ցուցադրմամբ, որ իրապես քաղաքակիրթ մարդկանց և երկրների քննադատությանն արժանացավ:

Եվ վերջապես, Բելառուսի նախագահին ամենևին չի զարմացնում, որ 150 հազար արցախահայերը, անմարդկային պայմաններում, սովամահության դեպքերի արձանագրմամբ, շուրջ մեկ տարի տոտալ բլոկադայի ենթարկվելուց հետո, բռնի տեղահանվեցին իրենց բնօրրանից և չգիտես ինչու չցանկացան, քաղաքակիրթ Ադրբեջանի տիրապետության տակ մնալ:

Քաղաքակիրթ վարվելաձևի ալիևյան պատկերացումները, ինչ խոսք, չափազանց տարբեր են համամարդկային պատկերացումներից, իսկ դրանց անվերապահ հավատ ընծայող Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյի աջակցության մոտեցումները՝ խիստ տարակուսելի: