Սպիտակ տունը Նեթանյահուից պահանջում է փոխել ռազմավարությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի կայցելի Իսրայել նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև խորացող տարաձայնությունների ֆոնին, քանի որ ավելանում է Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության զոհերի թիվը։

Բայդենը գտնվում է ճնշման տակ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում՝ Գազայի հատվածի ռմբակոծությունների հետ կապված։

Ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք ակնկալում են, որ հունվարին Իսրայելը կարող է անցնել պակաս ինտենսիվ ռազմավարության, որն ուղղված կլինի կոնկրետ գրոհայինների և ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ։ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչը կիրակի հայտնել է, որ Իսրայելի անվտանգության ծառայությունները գնահատում են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են «ամեն ժամ», «ամեն օր» հակամարտության հաջորդ փուլին անցման համար։ Օսթինը ցանկանում է «շատ հստակ գնահատական լսել նրանցից»։

Նա պետք է իմանա, թե ինչպես են Իսրայելի Պաշտպանության բանակը, ՊՆ-ն և պաշտպանության նախարար Յոավ Գալանտը գնահատում ընթացիկ վիճակը Գազայում։

Օսթինի խոսակցությունները կկենտրոնանան «այսօրվա ընթացքի, կոնկրետ օպերատիվ գործողությունների գնահատականի վրա»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը։

Օսթինի այցը հաջորդել է Թել Ավիվ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի այցին և Բայդենի կտրուկ արտահայտություններին, որոնցով Իսրայելին Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության պաշտպանության ավելի մեծ ջանքերի կոչ էր արվում։

News.am