ԱՄՀ ղեկավար․ Առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսավորման Ուկրաինան մեկ-երկու ամիս կդիմանա
Առանց ֆինանսավորման Կիևը կդիմանա մեկ-երկու ամիս, FT-ի հացազրույցում ասել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիևան։
Քանի որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռ վիճում են ֆինանսավորման փաթեթի վերաբերյալ, Ուկրաինայի տնտեսական վերածնունդը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, նշել է նա։ Հետագա ձգձգումները կարող են Կիևին ստիպել վերադառնալ ապակայունացնող քաղաքականության, ինչպիսին է փողերի տպագրումը, ինչպես նա դա արել է անցած տարի ռուսական ներխուժումից մի քանի ամիս անց։
«Կարևոր է չերկարացնել այդ ընթացքը, որովհետև դա մեծ ճնշում կգործադրի Ուկրաինայի վրա հենց այն պահին, երբ երկիրը լավ հեռնկարներ ունի տնտեսության համար»,- ասել է Գեորգիևան։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ երկարաժամկետ լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անկարողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի հակահարձակումը Ռուսաստանի դեմ չի հանգեցրել զգալի տարածքների ազատագրման, իսկ Մոսկվան ուժեղացրել է օդային գրոհները ենթակառուցվածքի դեմ։
Անցած ամիս ընդունված բյուջեի համաձայն՝ Ուկրաինային անհրաժեշտ է 41 մլրդ դոլար հաջորդ տարի։ Նա 18 մլրդ դոլարի հույս ունի՝ ԵՄ-ից, 8,5 մլրդ ԱՄՆ-ից, 5,4 մլրդ ԱՄՀ-ից, 1,5 մլրդ զարգացման տարբեր բանկերից և 1 մլրդ Մեծ Բրիտանիայից։
ԱՄՆ Կոնգրեսը չորեքշաբթի չկարողացավ հավանություն տալ 60 մլրդ դոլարի օգնության փաթեթին, այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Վաշինգտոն։ ԵՄ-ն չկարողացավ պայմանավորվել 50 մլրդ եվրոյի օգնության հարցում այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վետո դրեց այդ առաջարկի վրա։
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Ուկրաինան «որոշ ճկունություն ունի» և «հավանաբար կկարողանա դիմանալ հունվարին և փետրվարին»՝ շնորհիվ ԱՄՀ և Համաշխարհային բանկի վճարումների 2 մլրդ դոլարի չափով։ Բայց դրանից հետո Կիևը ստիպված կլինի կամ կրճատել ծախսերը, կամ դիմել մոնետար ֆինանսավորման կենտրոնական բանկի կողմից, ինչը կարող է հանգեցնել հիպերինֆլյացիայի և ապակայունացնել երկրի ֆինանսական համակարգը։
Գեորգիևայի խոսքով՝ Ուկրաինան արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արժանանա իր բարեկամների աջակցությանը։ «Նրանք կոշտ գործողությունների են դիմել, որպեսզի պահպանեն մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը։ ԱՄՀ-ն կատարել է իր դերը, մենք սերտ համագործակցում ենք Ուկրաինայի հետ։ Հարկավոր է, որպեսզի Ուկրաինայի գոծընկերներն իրենց ավանդը ներդնեն, ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպան»։
News.am