Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, այն վերջինը կլինի

ԱՄՆ-ն դեկտեմբերի վերջին կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը վերջինը կլինի Կիևին աջակցելու համար ռեսուրսների սպառման պատճառով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին ավանդական ճեպազրույցի ժամանակ, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեռ ծրագրում ենք այս ամսվա վերջին Ուկրաինային օգնության մեկ փաթեթ տրամադրել», - ասել է նա լրագրողներին:

Սպիտակ տան ներկայացուցիչն ավելացրել է, որ առանց ԱՄՆ Կոնգրեսի կողմից նոր միջոցներ հատկացնելու որոշման, Վաշինգտոնն այլևս հասանելի ռեսուրսներ չի ունենա Կիևին աջակցելու համար:

Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա դրանց վրա։

Sputnik Արմենիա