Արմեն Խաչատրյան․ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է արյունատար անոթներով

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապված է արյունատար անոթներով, և ՀՀ–ն ձգտելու է հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Հայ–ռուսական կապվածությունը բավականին մեծ է և՛ տնտեսական, և՛ այլ հարցերով։

Մենք ՌԴ–ի հետ ձգտելու ենք հարաբերությունների մակարդակն ավելի բարձրացնել ամեն առումով»,–ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանն ունի մի շարք պարտավորություններ ՀՀ անվտանգության մասով, որոնք ի վիճակի չի եղել կատարել։

 «Հայաստանը պետք է ունենա որոշակի քաղաքական գործիքակազմ, որպեսզի հնարավորություն ունենա գոնե պայմանագրային պարտավորությունները, որոնք ստանձնել են այլ պետությունները, ի կատար ածել»,–հավելեց իշխանական պատգամավորը։

Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական նոտաներով։

Sputnik Արմենիա