Չալաբյան. Իշխանությունների խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որևէ պաշտոնյյի, ներառյալ ընտրված նախագահի հրամանագրով, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Միակ խելամիտ ձևը նոր հանրաքվե անցկացնելն է և Արցախի բոլոր քաղաքացիների կարծիքը հարցնելն է, որը այս պայմաններում այդքան իրատեսական չէ: «Հայաքվեի» կարծիքով Արցախի Հանրապետությունը շարունակում է իր գոյությունը, սակայն նրա տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Արցախի նախագահի հրամանագիրը միայն այն չափով է իրավաչափ, որ չափով նա վերաբերում է իր ենթակայության տակ գործող կառույցներին: Հետևաբար, Արցախի պետական մարմինները, ինչպիսին է ԱԺ-ն, Գերագույն դատարանը, շարունակում են իրենց գործունեությունը:

Բայց ես կարծում եմ՝ արդարացված կլիներ, որպեսզի այն հրամանագիրը, որը սեպտեմբերին ուժի պարտադրանքի տակ, ստիպողաբար Արցախի նախագահը ստորագրել է, նայն ևս առոչինչ ճանաչվի հիմա Արցախի նախագահի կողմից: Դա ամենաարդարացված ու կարճ ընթացակարգը կլիներ»,-ասաց Չալաբյանը:

Անդրադառնալով այս հարցում ՀՀ իշխանությունների հայտարարություններին, Չալաբյանը նկատեց, որ դա ընդհանրապես իրենց խնդիրը չէ. «Իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ: Եթե իրենք ասում էին, որ Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ապա բնականաբար, Արցախի նախագահը պետք է իր իրավազորությունը վերականգնի բանակցելու և շարունակի բանակցել: Պնդումները, թե դա կարող է Ադրբեջանի համար նոր հիմք հանդիսանալ՝ աբսուրդ է: Իրենց խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել»,- ընդգծեց նա:

News.am