Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում անկարգությունների արդյունքում ձերբակալել է 38 մարդու
Սերբիայի ոստիկանությունը հայտնել է, որ ութ ոստիկան վիրավորվել է, 38 մարդ կալանավորվել է ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության ցույցերի ընթացքում և դրանից հետո։
Հազարավոր մարդիկ կիրակի օրը հավաքվել են Բելգրադի կենտրոնում՝ պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները։ Ցուցարարները կոտրել են քաղաքապետարանի գլխավոր մուտքի ապակիները, որից հետո ոստիկանությունը նրանց ցրելու համար օգտագործել է հատուկ միջոցներ, հայտնում է Reuters-ը։
Ոստիկանության բաժնի ղեկավար Իվիցա Իվկովիչը հայտնել է, որ վիրավորված ութ ոստիկաններից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ «Մենք կշարունակենք աշխատել խաղաղությունն ու կարգը պահպանելու համար և ակնկալում ենք ավելի շատ ձերբակալություններ՝ կապված անցած գիշեր բողոքի ցույցերի հետ», - ասել է Իվկովիչը մամուլի ասուլիսում։
Ընդդիմադիրները ոստիկաններին մեղադրել են չափից ավելի ուժ կիրառելու մեջ։
Հեռացող վարչապետ Անա Բռնաբիչը շնորհակալություն է հայտնել ռուսական հետախուզական ծառայություններին՝ ընդդիմության ծրագրած գործողությունների մասին տեղեկություններ տրամադրելու համար։ «Սա (իմ հայտարարությունը) հաճելի չի լինի Արևմուտքում», - ասել է Բռնաբիչը:
Ընդդիմությունը, որը գլխավորում է ձախ կենտրոնամետ «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքը, հայտարարել է, որ բողոքի ցույցերը կշարունակվեն երկուշաբթի օրը, երբ ուսանողները մտադիր են արգելափակել երթևեկությունը:
Հանգստյան օրերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող Սերբիայի առաջադիմական կուսակցությունը հավաքել է ձայների 46,72%-ը, ըստ պետական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների։
«Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքը 23,56%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը ընտրություններում, իսկ Սերբիայի սոցիալիստական կուսակցությունը 6,56%-ով զբաղեցրել է երրորդ տեղը:
News.am