Կարմիր խաչը Արցախի նախկին ղեկավարներին է փոխանցել հարազատների ուղարկած ծանրոցները

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Արցախի նախկին ղեկավարներին են փոխանցել Հայաստանից հարազատների ուղարկած ծանրոցները։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի տեղակալ Էլչին Շիրինովին։

Նա այդ կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելել է պետական անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում պահվող Արայիկ Հարությունյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին և Լևոն Մնացականյանին:

Իրավապաշտպանն ասել է, որ այցի նպատակը եղել է կալանավորների պահման պայմանները, նրանց հետ վարվելու կանոնները ստուգելը:

Շիրինովը վստահեցրել է, որ Արցախի նախկին ղեկավարների համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, նրանք ամեն շաբաթ հեռախոսով զրուցում են ընտանիքի անդամների հետ, ապահովված են անհրաժեշտ գրքերով, ունեն հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն, կարող են օգտվել նաև մարզասրահից:

Sputnik Արմենիա