Իրանը վերջին շաբաթներին ուրանի հարստացման տեմպերն ավելացրել է

Վերջին շաբաթներին Իրանն ավելացրել է ուրանի հարստացման տեմպերը` հետ մղելով նախորդ դանդաղումը, որը սկսվել էր այս տարվա կեսերին, ասված է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում, փոխանցում է АР-ն։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին զեկույցում հայտարարել է, որ Իրանը «վերջին շաբաթներին ավելացրել է հարստացված ուրանի արտադրությունը»։

Այս տարվա սկզբին, ըստ ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության, պարզվել է, որ Իրանը 18 անգամ ավելի հարստացված ուրան ունի, քան նախատեսված է միջուկային համաձայնագրով։

Գործակալության տվյալներով՝ Իրանում հարստացված ուրանի ընդհանուր քանակը ներկայումս կազմում է 3,76 տոննա՝ թույլատրելի առավելագույն ցուցանիշի՝ 202,8 կիլոգրամի փոխարեն: ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները նաև Իրանի միջուկային օբյեկտում հայտնաբերել են ուրանի մասնիկներ, որոնք հարստացվել են մինչև ռեկորդային 83,7 տոկոս, ինչը գրեթե բավարար է միջուկային ռումբի արտադրության համար: Միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է 90 տոկոս հարստացում:

News.am