Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔԻ ՀՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԳԱՂԱՓԱՐԸ, ԱՆՑՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՌԵՎԱՆՇԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՆԵՐՔՈ

«Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է: Այս մասին գրում է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը դրա տակ հասկանում է, որ Հայաստանում կան ուժեր, մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող համակերպվել ստեղծված իրողությունների հետ (Հայաստանի ու Արցախի օկուպացիա) և դրա տակ սպառնալիք են տեսնում:

ՀՀ իշխանությունը դրա տակ հասկանում է իշխանությունից զրկվելու հանգամանք, որովհետև եթե մեզ հետ տեղի ունեցածը խորապես գիտակցվի հասարակության լայն շերտերի շրջանում, իսկ դա «ռևանշն» առաջին պլան է բերելու, անշուշտ աթոռազրկում է ենթադրելու:

Ադրբեջանի նկատմամբ ռևանշն առաջին հերթին նշանակում է ՀՀ իշխանության վերին էշելոնում գտնվող ու Ադրբեջանի հետ գաղափարակից դեմքերի անհապաղ հեռացում, որովհետև Ադրբեջանի հետ «հաշիվ մաքրելը» միայն դրանից հետո կարող է լինել:

Երրորդ խումբ անձինք, ուժերը գիտակցում են, որ ռևանշի զգացումը կամ անհրաժեշտությունն առաջին հերթին ինքնապաշտպանական և գաղափարական հենք ունի:

Այդ համատեքստում թեմային նախօրեին նաև նախագահ Սերժ Սարգսյանն է անդրադարձել` հավելելով, որ նման ձգտումը ոչ միայն նորմալ է, այլև ստեղծված իրավիճակում` բնական ձգտում:

«Բաքվին կարելի է ամեն ինչ, մեզ ոչինչ չի՞ կարելի, բա ո՞ւմ է պետք ապրելը»,- նշել է նախագահ Սարգսյանը` ակնարկելով, որ ժողովրդին արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո»,- գրում է ընդդիմադիր պատգամավորը:

Aysor.am