Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատական նիստում վատացավ․ նիստն ընդմիջվեց

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկել է Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստը։ Նշենք, որ թեև նախորդ նիստում դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն քննությնա առարկա չի դարձրել Խաչատրյանին՝ Գերմանիայում բուժում ստանալու թույլտվության վերաբերյալ միջնորդությունը։ Պաշտպանության կողմը պատրաստվում էր միջնորդությունը ներկայացնել այսօրվա նիստի մեկնարկին, սակայն դատարանը նախ պատրաստվում էր հարցաքննել վկա Սեդրակ Առուստամյանին, ինչով պայմանավորված դատական նիստում մթոնոլորտը լարվեց։

Պաշտպանության կողմը պահանջեց առաջնահերթ կարգով քննարկել Խաչատրյանի՝ առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված նրան արտերկրում վիրահատության մեկնելու համաձայնություն ստանալու միջնորդությունը, հակառակ դեպքում՝ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավորին։ Մեղադրանքի կողմն էլ պնդում է՝ պաշտպանության կողմի վարքագծով փորձ է արվում ձգձգելու դատավարությունը։ Դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հորդորելով դատարանին՝ կանխել այդ վարքագիծը։ Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ որոշեց բացարկ ներկայացնել նախ դատախազին՝ նշելով, որ նա բացարձակ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում և նրա վարքագիծը հարիր չէ դատախազության ներկայացուցչին։ Դատախազը, ըստ պաշտպանի, բացահայտ բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ Մինչ միջնորդության քննության ավարտը, դատական նիստն ընդմիջվեց՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակով պայմանավորված։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։

Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։