«ԿՈՎԵՐՈՒ ՊԱՐՏԵԶԸ» ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔՅՈԼՆՈՒՄ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՐԾԵՆՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՍԻՆԱՆՅԱՆԸ

Տարեվերջին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե իբր՝ գերմանական Քյոլնում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Այս ցավը բոլորինս է» անվանումով հուշարձանը: Գերմանական Welt լրատվական գործակալության հրապարակման վկայակոչումով հավաստիացվում էր, որ այն ապամոնտաժել է քաղաքապետարանը՝ թուրք ազգայնականների ճնշման տակ։ Այնուհետ, սակայն, պարզվեց, որ խոսքը հուշարձանի ոչ թե ապամոնտաժման, այլ հետագայում այն հեռացնելու քաղաքապետարանի վերջնական որոշման մասին է։

Հուշարձանը Քյոլնում տեղադրվել է 2018 թվականի ապրիլի 15-ին՝ «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության անդամների ջանքերի շնորհիվ, ընդ որում՝ առանց քաղաքապետարանի թույլտվության: 4 օր անց՝ ապրիլի 19-ին, այն ապամոնտաժվել է։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի ապրիլին հուշարձանը ժամանակավորապես տեղադրվել է և ապա հեռացվել մի քանի շաբաթ անց։ 2023-ի ապրիլին նախաձեռնող խմբին հաջողվեց Քյոլնի կենտրոնական շրջանի ավագանու աջակցությամբ թույլտվություն ստանալ տեղադրելու այն մեկ ամիս ժամկետով։

CivilNet կայքը մեջբերում է «Հիշել ցեղասպանությունը» նախաձեռնության անդամ Իլիաս Հացպանյանի խոսքերն այն մասին, որ հուշարձանն իր տեղում կմնա առնվազն մինչև 2024 թվականի գարուն: Քյոլնի քաղաքապետարանը ցանկանում է ստեղծել նոր հուշարձան՝ նվիրված «բռնության, ռասիզմի և մարդու իրավունքների խախտումների զոհերին», և նախաձեռնությունը պայքարում է, որպեսզի մինչև նոր հուշարձանի տեղադրումը հինը մնա տեղում:

Բոլոր այս մանրամասները լրատվամիջոցներում հայտնվեցին այն բանից հետո, երբ վրդովված հրապարակումների առաջին ալիքը հայկական մամուլում մարեց։ Բայց դրանք հայտնվեցին բնավ ոչ ՀՀ ԱԳՆ-ի և Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական պարզաբանումների շնորհիվ, այլ լոկ լրագրողների ջանքերով։ ՀՀ ԱԳՆ-ը, ինչպեսև բազմաթիվ այլ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է աշխարհի այլ երկրներում հայկական շահերին, ջանադրաբար անտեսում էր այդ թեման։ Ճիշտ այնպես, ինչպես որ ծպտուն չէր հանում մեկ այլ գերատեսչություն, որին հարցը վերաբերում էր ամենաուղղակի կերպով. Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը։

Քյոլնի հուշարձանի հետ կապված միջադեպը Հայաստանի համապատասխան պետական կառույցների կողմից չնչին իսկ ուշադրության չարժանացավ ճիշտ այնպես, ինչպես որ դրանից մոտ երկու ամիս առաջ թե՛ ԱԳՆ-ը, թե՛ Սինանյանի գերատեսչությունը իսպառ անտեսեցին ավելի լուրջ իրադարձությունները։ Խոսքը Երուսաղեմի Հայկական թաղամասի հետ կապված իրավիճակի մասին է, որի գլխավերևում գոյաբանական վտանգ կախվեց տեղի արմատականների կողմից, որոնք ակնհայտորեն վայելում են երկրի իշխանությունների գաղտնի աջակցությունը։

Նոյեմբերից սկսած՝ համաշխարհային մամուլում սկսեցին տեղեկություններ հայտնվել Հայկական թաղամասի տարածքում գտնվող «Կովերու պարտեզ» հողատարածքը բռնի զավթելու փորձերին Երուսաղեմի հայ համայնքի դիմակայության մասին։ ԶԼՄ-ները գրում էին, որ տեխնիկայի կիրառմամբ մի շարք հարձակումների արդյունքում Հին քաղաքում հայկական դարավոր ներկայությունն իրապես վտանգված է:

Թե ինչ է նշանակում քրիստոնյա ազգի համար ֆիզիկական ներկայությունը Սուրբ երկրում, կարծես թե հարկ չկա որևէ մեկին բացատրել, ինչպեսև այդ ներկայության կարևորությունը նրա հեղինակության, կշռի, համաշխարհային հանրության մեջ նշանակալիության, ինչպես նաև ապագայի համար, մանավանդ փոքրիկ և իր պատմության թերևս ամենադժնի ժամանակներն ապրող Հայաստանի պարագայում: Դա հարկ չեղավ բացատրել ո՛չ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներին, որոնք համատեղ հայտարարությամբ հանդես եկան ի պաշտպանություն հայ համայնքի, ո՛չ էլ Երուսաղեմի նախկին լատինական Պատրիարքին։

Այդ բացատրության կարիքը չունեին ո՛չ Ֆրանսիան, որը երկու անգամ պահանջեց Իսրայելի իշխանություններից դադարեցնել հարձակումները «Կովերու պարտեզի» վրա, ո՛չ էլ ԱՄՆ պետքարտուղարությունը, որը նույնպես դիմեց Իսրայելին Երուսաղեմի հայերի հարցով:

Բայց, ինչպես պարզվեց, դա բացարձակապես անըմբռնելի է բուն Հայաստանի նույն պետական կառույցների, իսկ ի դեմս նրանց՝ ՀՀ իշխանությունների համար, որոնք ողջ այդ ընթացքում խուլ ու կույր մնացին տեղի ունեցող ամենի և Սուրբ երկրում հայերի գոյությանը սպառնացող իրական վտանգի նկատմամբ։ Ճիշտ է, դեկտեմբերի վերջին Սինանյանի գրասենյակը ստիպված արձագանքեց լրատվամիջոցների հարցմանը՝ հայտարարելով, թե իբր՝ «իրավիճակին միջամտելու լիազորություն չունի»։ Այսինքն Ֆրանսիան և ԱՄՆ-ը այդ լիազորություններն ունեն և հարկ են համարում միջամտել, իսկ այ Հայաստանը, որին այդ ամենը վերաբերում է ամենաուղղակիորեն, չունի։

Ավելին, գրասենյակի ներկայացուցիչը հայտարարեց, թե գործընթացը... «բացառապես իրավական է»: Այսինքն, սինանյանական աշխատակցի կարծիքով, ֆիզիկական բռնությունը, հարձակումները, ծայրահեղականների կողմից հրահրվող բախումները և հայերին իրենց օրինական տիրույթներից վտարելու փորձերը, պաշտպանվող երկու  հայերի ձերբակալությունը իրավական գործընթաց են: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, առավել քան ավելորդ են։

Իսկապես, ուրիշ ի՞նչ կարելի է ակնկալել Զարեհ Սինանյանից, որի գլխավոր խնդիրն ի սկզբանե եղել է հայկական Սփյուռքի պառակտումը՝ Փաշինյանի կողմնակիցների ու թշնամիների սկզբունքով, և հայկական ավանդական կառույցների չեզոքացումը: Ի՞նչ կարելի է ակնկալել «հանձնակատարից», որը շրջում է աշխարհով մեկ, որպեսզի խմբեր ձևավորի այն մարդկանցից, ովքեր կաջակցեն ՀՀ իշխանությունների թուրքամետ քաղաքականությանը, կդադարեն խոսել Ցեղասպանության, Արցախի մասին, չեն աջակցի ազգային արժեքներին ու գաղափարներին, և կանեն դա կոնկրետ երկրի ողջ համայնքի անունից։

Ընդ որում, Սինանյանը չի էլ թաքցնում իր «առաքելությունը»՝ օրերս ուրախ հայտարարելով, որ անխոնջ աշխատում է աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում «Սփյուռքի գործերով հանձնակատարների ինստիտուտի ձևավորման» ուղղությամբ... Այն «առաքելության», որի համար Փաշինյանը բերել է նրան Հայաստան, հսկայական աշխատավարձ է վճարում և շռայլորեն վարձատրում շրջագայությունների համար՝ չնչին իսկ ուշադրություն չդարձնելով այն բազմաթիվ աղմկահարույց սկանդալներին, որոնցում հայտնվել է այդ ստահակը իր բազմաթիվ գործուղումների ընթացքում…

ԱԳՆ-ի «հաջող» գործունեության չափանիշն էլ բնավ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը չէ տարբեր հարթակներում ու երկրներում։ Այլապես սույն կառույցը, որի դիլետանտիզմի և մասնագիտական ապիկարության մասին չեն դադարում խոսել փորձագետները, կպարծենար ոչ թե միջազգային կառույցների թվով, որոնց անդամ է ընտրվել Հայաստանը, այլ այդ հարթակներն ի շահ երկրի օգտագործելու կարողությամբ։ Եվ որպես իր «հերոսական աշխատանքի» օրինակ կներկայացներ ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բոլոր իմաստներով հեռավոր երկու-երեք երկրների հետ, այլ արդեն իսկ առկա դեսպանությունների արդյունավետ աշխատանքը ի նպաստ պետության շահերի։ Այն, ինչի նշույլն անգամ, ավաղ, չկա…

Հայկական Սփյուռքի այսօրվա վիճակը բուն Հայաստանում տիրող իրավիճակի հայելային արտացոլումն է։ Ճիշտ այնպես, ինչպես հայության շահերի պաշտպանությունն աշխարհում, ինչն իսպառ դուրս է մնացել հայոց պետության գործունեության ոլորտից: ՀՀ իշխանություններին Սփյուռքը հետաքրքրում է բացառապես իրենց վարած ապազգային քաղաքականությանը լիակատար աջակցության և դիմադրության ու քննադատության բացակայության տեսանկյունից։ Այդ մասին շատ է խոսվել, այդ թվում՝ հենց Սփյուռքի ներկայացուցիչների կողմից, և դժվար թե արժե կրկնել։

Պարզապես չափազանց ակներևաբար, հիրավի ինչպես ջրի կաթիլում, արտացոլվեց միրզոյանական և սինանյանական գերատեսչությունների բացարձակ անտարբերությունն ու քամահրանքը Քյոլնի հուշարձանի հետ կապված միջադեպի և «Կովերու պարտեզի» շուրջ ծավալված իրադարձությունների նկատմամբ։

Ասենք, վերջինիս պարագայում, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ դեռ առջևում է: Բայց մեկ բան կասկածից վեր է. փաշինյանական ոհմակը մատը մատին չի տա Հայկական թաղամասը պաշտպանելու համար։ Իսկապես, ի՞նչ կապ կարող են ունենալ անհոգի և անսկզբունքային տականքները սրբազանի, հավիտենականի, ազգայինի և քրիստոնեականի հետ: