ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ. ԱԿՆՀԱՅՏ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

Չհավատաք նրան, ով կփորձի յուրացնել դիկտատուրայի գերեզմանափորի դափնիները։ Ռեժիմին հաղթել է Նորին Մեծություն Կոռուպցիան։ Փաշինյանն անձամբ խոստովանեց 2023-ի տարեվերջին. «Կաշառք վերցնում են ամենուր…»։ Այսօր ավելի հստակ, քան երբևէ՝ չլրացած 6 տարվա ընթացքում, բացահայտվել է ճգնաժամը պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Կոռուպցիայում մեղադրվողների ձերբակալությունները հասել են մինչև «Կենտրոն» վարչական միավոր

ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐԵՑԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ։ Բացահայտումների ռեկորդային թիվը ԶԼՄ-ներում կապված է ռեժիմի կադրային քաղաքականության մեջ առկա հովանավորչության հետ։ Խոսքը բարձր պաշտոններում Փաշինյանի, նրա կնոջ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածոների մասին է։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ՔԿ-ն, Գլխավոր դատախազությունը աշխատում են առանց ձեռքերը ծալելու, իսկ գործող պաշտոնատար անձանց կըոռուպցիային վերաբերող գործերի սարն աճում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հանցավոր ճանապարհով ձեռքբերված գույքի առգրավմանը վերաբերող գործերին զուգահեռ։

Պատահական չէր, որ Փաշինյանը հեռուստախցիկների առջև շոու խաղաց մարզասրահներում և կառավարության նիստում, քննադատություն հասցեագրելով նրանց, ովքեր չեն պահպանում օբյեկտների շահագործման հանձնելու նորմերը։ Կախիչները, ցնցուղներն ու ծորակները այսբերգի տեսանելի մասն են, իսկ ենթատեքստում այն նույն համակարգային կոռուպցիան է, որ հեղեղել է բոլոր պետկառույցները։ Զուր էին Փաշինյանի հույսերը, թե իր նշանակածները հետևելու են խաղի կանոններին. անպատիժ հարստանալ թույլատրված է միայն խոսնակին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին։ Նշանակվածները որոշեցին, որ եթե ոմանց թույլատրված է, ապա ինչո՞ւ պիտի մյուսները միայն աշխատավարձով ապրեն

Միայն 2022 թվականին Պապիկյանը գնել է 2 տուն և նվեր ստացել 105 հազար ԱՄՆ դոլար։ Ափսոս, որ նախարարը հայտարարագրի մեջ չի նշել նվիրողների ազգանունները։ 2024 թվականին կտեղեկանանք, թե ՊՆ ամենազոր ղեկավարը քանի տասնյակ հազար դոլար է ավելացրել իր կարողությանը 2023 թվականին։ Խոսքը, կրկնում եմ, վերաբերվում է միայն հայտարարագրված եկամուտներին։ Առաջին շարասյան անձանց սրընթաց հարստացումը 6 տարուց էլ կարճ ժամանակահատվածում հանգեցրեց նրան, որ կոռուպցիան կլանեց կառավարման համակարգը վերից վար։ Չօգնեց դատավորների, ՔԿ-ի, ԱԱԾ-ի և գլխավոր դատախազության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը (վերջին բարձրացումից հետո դրանք կազմում են 700 հազարից մինչև 2 մլն դրամ)։

2003 թվականին Փաշինյանի դրածոները դարձան ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալների հերոսներ։ Մեկը կապված է 280 հազար դոլարով Արարատ Միրզոյանի գնած առանձնատան հետ։ Խոսնակի պաշտոնում նա դատարան դիմեց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի դեմ, որը հրապարակել էր իր (Միրզոյանի) ռեստորանային հաշիվը (300 հազար դրամ), ընդ որում ռեստորանում փաստը հաստատեցին։ Իսկ առանձնատան արժեքին վերաբերող տեղեկատվության առթիվ մի բառ անգամ չասաց։ Պետական աշխատավարձ ստացող արտգործնախարարին որտեղի՞ց այդքան փող։ Պապիկյանը նույնպես չարձագանքեց Երևանի հեղինակավոր թաղամասում 168 հազ դոլարով իր գնած բնակարանին վերաբերող հարցին։ Բնակարանը շատ ավելի թանկ արժե, բայց նախարարին դա վաճառած գւրծարարի որդին հենց այդ ժամանակ հասել էր զորակոչային տարիքի

Տեխնիկական, հակահրդեհային անվտանգության և շինարարության վերստուգիչ մարմնի աշխատակիցների շուրջ բռնկված վերջին սկանդալը (տեսուչներին մեղադրեցին շինարարներից կաշառք ստանալու մեջ, 6 ձերբակալվածներից 5-ը արդեն կալանավորված են) ցույց տվեց, որ կոռուպցիոն սխեմաները տանում են ուղիղ դեպի Գարեգին Խաչատրյանը, որին առաջադրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը։ Ճիշտ ժամանակն է հիշեցնելու, որ 2018 թվականի նոյեմբերին քրեական գործ էր հարուցվել Արմեն Մկոյանի ղեկավարած «Էլիտ գրուպ» ընկերության դեմ, որը Երևանում կառուցել է ավելի քան 10 բազմաբնակարան շենքեր։ Գործը փակվեց այն բանից հետո, երբ ընկարության ղեկավարը ահռելի գումար նվիրաբերեց Աննա Հակոբյանի հիմնադրամներին։

2020 թվականի աշնանը Հարությունյանն իր մոտ կանչեց տեսչական մարմինների ղեկավարներին՝ դժգոհություն հայտնելով նրանց աշխատանքից, պահանջեց, որ այդ մարմինների գործունեությունը համակարգող գրասենյակի պետ Արթուր Ասատրյանը աշխատանքից ազատվի համաձայն իր դիմումի։ Այն մասին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը համալրում է տեսչական մարմինները իր մարդկանցով, վաղուց է հայտնի, ինչպեսև այն, որ նրանց աշխատանքի որակը, մեղմ ասած, բնավ բարձր չէ։ Հարությունյանը սկզբունքային մարդ է։ Գիտության, կրթության, մշակույթն և սպորտի նախարարի պաշտոնում նա նախաձեռնեց իր տեղակալի ձերբակալությունը, որը 3 տարի բանտում անցկացրեց մարզադպրոցների տնօրենների հետ գույքի և մարզահագուստի հետ կապված գործարքների համար…

Պաշտոնյաներին ազատում են աշխատանքից, նրանց դեմ քրեական հետապնդում սկսում, բայց կառավարման որակը բոլոր մակարդակներում ավելի լավը չի դառնում. ձուկը գլխից է հոտում… Քրեական հետապնդումների են ենթարկվում բուհերի դասախոսները, սակայն դասավանդման որակը չի բարձրանում, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների այն նույն «կանայք, դուստրերն ու սիրուհիները», որոնց նախարարի պաշտոնում պատերազմ էր հայտարարել Հարությունյանը, առաջվա պես տեղեր են զբաղեցնում հեղինակավոր բուհերի ամբիոններում։ Ռեժիմի գլխավոր խոսափող Պետրոս Ղազարյանի կինը ղեկավարում է գիտությունը, կրթությունը, մշակույթը և սպորտը։ Արդյունքում ունենք 7-րդ դասարանի պատմության դասագրքերը…

Ռեժիմի պարագլուխը բարձրացնում է աշխատավարձերը, պարգևավճարներ ու հավելավճարներ տալիս, ատեստավորումներ կազմակերպում, վռնդում աշխատանքից, նախաձեռնում ձերբակալություններ, իսկ կառավարման ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։ Պատճառը պարզ է. կոռուպցիայի դեմ ընտրողական պայքարը նպաստում է դրա ծաղկմանը։

Օրինակ, 2020 թվականի մարտից մինչև հոկտեմբերի 1-ը Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ծախսել է 13 մլրդ 244 մլն դրամ։ Մինչև հիմա նախկին նախարար, իսկ ներկայումբ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի պատասխանել գեթ մեկ հարցի՝ այն գումարների նպատակային օգտագործման մասին, որ ինքը հատկացրել է իր կնոջ ղեկավարած բժշկական կենտրոնին, չխոսենք արդեն հիշատակված միլիարդների մասին… Փոխարենը նա տեղակալը հասցրեց կալանավորվել, թեև այդ ժամանակ արդեն պաշտոն էր զբաղեցնում մայրաքաղաքի աշխատակազմում։ ԶԼՄ-ների վարկածով, Թորոսյանին չեն ձերբակալում այն մտավախությամբ, որ նա տեղեկություններ կհրապարակի այն մասին, թե ուր գնացին համավարակի դեմ պայքարի համար արևմտյան երկրների և միջազգային կառույցների կողմից ՀՀ-ին հատկացված միջոցները…

2023 Թ. ՄԱՅԻՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, այն ժամանակ դեռևս Հայկուհի Հարությունյանի ղեկավարությամբ, նամակներ ուղարկեց բարձրաստիճան պաշտոնյաներին, խնդրելով որոշ տվյալներ ճշգրտել հայտարարագրերում։ Նման իրավիճակում օրենքը թույլ է տալիս հանձնաժողովի ղեկավարին դիմել գլխավոր դատախազություն, սակայն առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե պաշտոնատար անձանցից ով է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ իրեն ունեցվածքի մասին տեղեկությունները թաքցնելու համար։ Փոխարենը ՔՊ խմբակցությունը հրապարակավ հաշվեհարդար տեսավ Հարությունյանի հետ, ստիպելով նրան հրաժարական տալ։

Ասենք, ի՞նչ պահանջես գլխավոր դատախազից։ Չէ՞ որ Աննա Վարդանյանն ինքը մերկացվել է նույն անձից 55 մլն , 46 մլն, 100 հազար և այլ գումարների գնումներ կատարելու մեջ… Հարց է ծագում. եթե այդպես է վարվում ինքը՝ գլխավոր դատախազը, ապա ինչո՞ւ է նման գնումների համար մեղադրվում Արաբկիր վարչական միավորի ղեկավարը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Հարությունյանի հրաժարականից հետո լիակատար խառնաշփոթ է տիրում։

ԶԼՄ-ները լի են հաղորդումներով կառավարող վերնախավի առանձնատների, արտասահման մակնիշի մեքենաների և տարբեր երկրներ կատարած ճամփորդությունների մասին։ Փաշինյանի մերձավոր շրջապատը տիեզերական արագությամբ հարստանում է հենց այն ժամանակ, երբ բուհերից կանոնավորապես հեռացվում են ուսանողները, որոնք ի վիճակի չեն վճարել ուսման վարձը հերթական սեմեստրի համար։ Այդ ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները։ Խոսնակի կինը մի քանի ամիս ուշացրեց պետական վճարը ընտանեկան հեռուստաալիքի համար (ամսական 1,5 մլն), և ոչինչ, հեռարձակումը դադարեցրին ընդամենը մի քանի ժամով։ Մի քանի տարի առաջ Փաշինյանն Իտալիայում հայտարարեց, թե «որսալու է կոռուպցիոևներներին Վատիկանի նկուղներում», մինչդեռ այսօր դրա համար բավական է այցելել ՔՊ գլխավոր գրասենյակ։

Մեկ հրապարակման մեջ անհնար է ներկայացնել կոռուպցիոն ողջ բաղկացուցիչը՝ կառավարությունից մինչև ամենահեռավոր համայնքի ավագանի։ Համակարգային կոռուպցիայի դեմ տարած հաղթանակի մասին ռեժիմի պարագլխի հայտարարությունը ժխտված է իր իսկ հայտարարությամբ, որ կաշառք են վերցնում ամենուր։ Վերցնում են հենց իր նշանակածները։ Յուղոտ պաշտոններում վաղուց արդեն այլ մարդիկ չկան։ ՔՊ-ի կադրերը հասան կերամանին և սկսեցին լցնել գրպաններն ու ստամոքսները, անտեսելով հասարակական կարծիքը։ Գլխավորը՝ հասցնել, քանի դեռ հնարավոր է…

Երբ լրագրողների մասնակցությամբ վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանին առճակատ հարցրեցին, թե արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին որտեղի՞ց այդքան փող՝ թանկարժեք տներ գնելու համար, նա խուսափեց պատասխանից, ինչից հետևում է, որ նրա շրջապատում կան դրածոներ, որոնց թույլատրված է հարստանալ պետության հաշվին։ Նոր քաղաքական տարում Փաշինյանի պահարանի դուրս կթափվեն բազմաթիվ կմախքներ։ Արդեն հայտնի է Երևանի ավագանիում «Հանրապետություն»-ՔՊ դաշինքի կոռուպցիոն բաղկացուցչի նախապատրաստվող մերկացումների մասին։ Խոսքը վերաբերելու է շինարարության ոլորտին, կներկայացվեն անժխտելի փաստեր և ապացույցներ…

Եվ էլի մի բան. Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե 2018 թվականի «հեղափոխությունը» տապալեց «կոռումպացված ռեժիմին». գրեթե 6 տարվա ընթացքում դատարանը կոռուպցիայի հետ կապված ոչ մի վճիռ չի արձակել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ…