ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱ. ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ «ԼԻԴԻԱՆ»-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դա հեչ լավ բան չի. այն ռիսկերը, որոնք ընկերությունն ունի, հիմա մի մասն ընկնելու է մեր կառավարության, մեր երկրի, մեր յուրաքաչյուրիս վրա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ խոսելով գործադրի այսօրվա որոշման մասին, որով կառավարությունը «Լիդիան Արմենիա»-ից ընդունեց կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը։

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն շահագործում է Ամուլսարի հանքավայրը։

Նա հիշեցրեց, որ դեռ 2023 թվականի փետրվարին է կառավարության, Եվրասիական Զարգացման Բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև կնքվել փոխըմբռնման հուշագիր, որով դիտարկվում է Ամուլսարի շահագործման նախապատրաստման շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը, ապա նշեց. «Փաստորեն մինչև օրս չէր փոխանցվել։ Հիմա չգիտեմ՝ իրական է փոխանցվում, թե ոչ»։

Ըստ մասնագետի, ընդհանրապես այդ գործընթացը շատ անհասկանալի է։

«Մենք արդեն փորձ ունենք «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում։  Առաջին. այդ պայմանագրերն ընդհանրապես չեն հրապարակում, որ տեսնենք, թե ինչ պարտավորություն է պետությունը վերցնում իր վրա։ Եթե նույնիսկ պայմանագրերում նման բան գրված չէ, բոլոր դեպքերում, եթե բաժնետեր ես ու ընկերությունը խախտումներ, պարտավորություններ ունի, ընդհանրապես ռիսկեր է ունենում, հենց այդ բաժնեմասի չափով ընկնում է կառավարության վրա»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա նշեց, որ այսքան տարի պետությունը չի հրապարակել որպես բաժնետեր ԶՊՄԿ-ից ինչ օգուտ է ստացել և ինչ վնասներ. «Մեկը նստել ու վերլուծե՞լ է, թե՞ ինչքան խախտում է կոծկվել, ինչքան խախտում չի բացահայտվել, ինչ թերություններ են եղել, որոնց վրա կառավարությունն աչք է փակել։ Իսկ եթե բաժնետեր չլիներ, հակառակը կլիներ։ Մենք չունենք այն կառույցը, որը կարող է բաժնետոմսերի կառավարումն իրականացնել։ Տալիս են կառավարության գործերի կառավարչությանը, որն այդ ֆունկցիան չունի, ըստ գիտելիքների այդ մասնագիտացումը չունի։

Այստեղ լուրջ հետևանքներ կարող է լինել, երբ որ արդեն դրա ձայնը դուրս գա, շատ ուշ կլինի, ցավոք, կարող է երկրի համար կորուստներով լինել»։

Ըստ նրա, բոլոր դեպքերով եթե կառավարությունը հետաքրքրված է հանք ունենալով, թող պետականացնի հանքերը։

«Բնապահպանները երբեք չեն ասել՝ գործող հանքերը պետք է լուծարել։ Եթե գործող հանք է, թող աշխատի, բայց օրենքի սահմաններում ու բնապահպանական նորմերը պահպանելով»,- ասաց բնապահպանը։

Հարցին՝ կառավարության այս որոշումից ոչ մի լավ բան պետք չէ՞ սպասել, Ն.Վարդանյանն ասաց. «Դե, իհարկե, ոչ։ Ի՞նչ օգուտ ենք ստացել «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից, թող հրապարակեն այդ մասին։ Սա դեռ չգործող հանք է, շինարարությունը չի ավարտվել։ Ռիսկերի մասին բազմիցս խոսում ենք, 4 հայտնի ընկերություններ՝ երկուսը Ավստրալիայից, մեկը Կանադայից, մեկն ԱՄՆ-ից, գրեցին ռիսկերի, ջրերի աղտոտման մասին, հատկապես որ ախտոտման դեպքում 500 տարի չեն վերականգնվի, իսկ ռիսկերն անկառավարելի են, ոչ մի տեխնոլոգիական լուծում չի կարող ունենալ։

Նույնն ասաց «Էլարդ»-ի միջազգային թիմը, որը կառավարությունից ստացել է 454 հազար դոլար՝ կառավարության պատվերը կատարելու համար։ Այն ժամանակ վարչապետն ասում էր՝ թևիս տակ կդնեմ «Էլարդի» եզրակացությունը ու կգամ Ջերմուկ, 0,01 տոկոս ռիսկ լինելու դեպքում այդ հանքը չի աշխատելու։ Հիմա ռիսկերը 100 տոկոսանոց են։ Ի՞նչ են մտածում, ի՞նչ բաժնետոմս են վերցնում։

Խոսք տվեցին նոր փորձաքննություն կլինի։ Չեղավ։ Այսինքն, ինչ խոսք են տվել, չի արվել։ Ու եթե այդ ընկերությունն աշխատող լիներ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ճանապարհները բաց են, թող աշխատեին։ Սնանկ կազմակերպության բաժնետոմսը վերցնում ես, որ ի՞նչ անես, այդ ամբողջ պարտավորությունները քեզ վրա վերցնե՞ս»։

Այս ամենը հաշվի առնելով՝ կառավարության՝ «Լիդիան Արմենիա»-ից կանոնադրական կապիտալի 12.5 % բաժնետոմսերը ընդունելու նպատակը բնապահպան-իրավաբանը չի կարողանում բացատրել։

««Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատը շահույթով աշխատող կազմակերպություն է, էլի ինչ- որ բան կարող էին բացատրել, չնայած այնտեղ էլ բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերվել, դրանց ընթացքի մասին չիմացանք, մնաց չբացահայտված, օդի մեջ, հիմա արդեն չես էլ իմանա՝ այնտեղ ինչ կա, քանի որ հսկողությունից դուրս է մնում։ Եթե կառավարությունը պետք է վերահսկի ու եթե բաժնետեր է, ինքն իրեն վերահսկելո՞ւ է։ Պարզ է, ոչ։ Իսկ «Լիդիան Արմենիայի» հիմնական բաժնետերը՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», սնանկ է, սնանկության վճիռ կա։ Շատ վատ պատկեր է»,- ասաց Ն. Վարդանյանը։

Նա հիշեցրեց «Լիդիան Արմենիայի» տնօրենի հայտարարությունները՝ «դե 12,5 տոկոս տալիս ենք կառավարությանը և ակնկալում ենք մեր օգտին որոշումներ կկայացվեն»։

Նազելի Վարդանյանը վստահ է՝ Ամուլսարը չի աշխատելու. «Ու չաշխատող հանքի դեպքում ի՞նչ բաժնետոմս ես վերցնում, ինչո՞ւ ես քեզ կապում այդ ամեն ինչի հետ, չեմ կարողանում բացատրել։ Այդ հարցերը պետք է տրվի ուղիղ կառավարությանը ու հետաքրքիր կլինի իրենց պատասխանը»։

Panorama.am