ՀՀ Սահմանադրության փոփոխման մասին Ալիևը խոսել էր դեռ 2021թ-ին

Սահմանադրությունը փոխելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո մամուլն ու օգտատերերը հիշեցրին Իլհամ Ալիևի՝ ոչ վաղ անցյալում տված հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե Հայաստանը պետք է նոր Սահմանադրություն ընդունի։

Մասնավորապես 2021թ սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը»։

«Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն»,- ասել էր Բաքվի առաջնորդը։

Նա Հայաստանը չափազանց «թույլ» երկիր է անվանել՝ Թուրքիայից տարածքային պահանջներ ունենալու համար։ Նաև, ըստ Ալիևի, Երևանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու համար։

«Թող Հայաստանը ճիշտ ընկալի նոր ձևավորված իրականությունը, քայլեր ձեռնարկի այս իրականությանը համապատասխան; Թող նայեն քարտեզին և գտնեն իրենց այնտեղ, եթե, իհարկե, կկարողանան, այն ընդամենը մի կետ է»,-հայտարարել էր Ալիևը։

Panorama.am