Նարինե Հայրապետյանին առևանգելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները, քրեական վարույթի շրջանակներում, համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»,- նշեց Աբրահամյանը։