ՆԱՏՕ-ն սկսում է վերջին տասնամյակների ի վեր ամենամեծ զորավարժությունները

Հյուսիսատլանտյան դաշինքը հունվարի 22-ին սկսում է վերջին տասնամյակների ամենամեծ՝ Steadfast Defender 2024 («Դիմացկուն պաշտպան») քառամսյա զորավարժությունները։ Զորավարժություններին կմասնակցի մոտ 90 000 մարդ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներիկ և թեկնածու երկրից՝ Շվեդիայից։ Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի վերջ, կընդգրկեն եվրոպական տարածքը Նորվեգիայից մինչև Ռումինիա։ dpa գործակալության տվյալներով՝ Steadfast Defender զորավարժությունների սցենարը Ռուսաստանի տարածքի վրա դաշնակիցների հարձակումն է, որը գործադրելու է հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածը։

Մինչ այժմ վերջին տասնամյակների ամենամեծ զորավարժությունները համարվում էին Trident Juncture («Միասնական եռաժանի») զորավարժությունները, որոնց 2018թ. մասնակցել է ավելի քան 50 000 զինառայող։ Նման վերջին զորավարժությունները ՆԱՏՕ-ն իրականացրել էր 1988թ.՝ գործի դնելով ավելի քան 125 հազար զինվոր։

В Steadfast Defender 2024-ին կմասնակցեն նաև ավելի քան 50 նավեր՝ ավիակիրներ և էսկադրային ականակիրներ, ավելի քան 80 կործանիչներ, ուղղաթիռներ և անօդաչուներ և մոտ 1,1 հազար մարտական մեքենա, ներառյալ 133 տանկ և 533 հետևակի մարտական մեքենա։ Ինչպես հայտնել է Եվրոպայում դաշինքի Միավորված զինված ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Քավոլին, զորավարժությունները ցույց կտան, որ ՆԱՏՕ-ն կարող է իրականացնել բարդ գործողություններ ցամաքում, ծովում, օդում, կիբեռտարածությունում և տիեզերքում «մի քանի ամսվա ընթացքում, հազարավոր կիլոմետրեր տարածությունում՝ Ծայր Հյուսիսից մինչև Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, և ցանկացած պայմաններում»։

ՆԱՏՕ Ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերի խոսքով՝ զորավարժությունների նման մասշտաբը դաշինքի նոր պատրաստվածության ցուցադրումն է։ «Սա զորքերի ռեկորդային քանակություն է, որը մենք կարող ենք գործադրել և իրականացնել այսպիսի մասշտաբներով, ամբողջ դաշինքում, օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ից մինչև Եվրոպա»,- ասել է նա։ Ռազմական կոմիտեի ղեկավարը նաև ընդգծել է, որ պատերազմը միայն զինվորականների գործը չէ. «Երբ բանը հասնում է պատերազմին, ինչպես տեսնում ենք Ուկրաինայում, դա վերաբերում է ողջ հասարակությանը»։

News.am