ԵԽԽՎ-ն քննարկում է ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման հարցը

Ստրասբուրգում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին օրը պատգամավորները քվեարկել են ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին՝ «երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար»։ Այս նախաձեռնությունն առաջ է քաշել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն, հայտնում է Turan-ը։

Իր հայտարարության մեջ նա նշել է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող խախտումները և քաղբանտարկյալների թվի աճը, ինչպես նաև պաշտոնական Բաքվի մերժումը ԵԽԽՎ պատվիրակությանը հրավիրել փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունները գնահատելու համար։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տվել ԵԽԽՎ զեկուցողներին 2023 թվականին Լաչինի միջանցք մտնել։

Առաջարկը դրվել է քվեարկության և ձայների մեծամասնությամբ ընդունվել է։

Նիստը նախագահող Էմանուելիս Զինգերիսն ասել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կգնահատի այս առաջարկը։ Նա 24 ժամ ունի իր եզրակացությունը ներկայացնելու համար։ Սրանից հետո ԵԽԽՎ-ն կքննարկի այս հարցը և վերջնական որոշում կկայացնի։

Ընդ որում, ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել այս հարցի քվեարկությանը։

News.am