Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը, հղում անելով երեկ ՔՊ–ական պատգամավորների և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը։

«Միրզոյանը խորհրդարան է ժամանել երեկոյան 6-ին, խմբակցության մեծ մասը մասնակցել է, սակայն նախարարը ներածական խոսքում ասել է, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու` ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հստակ նշել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի և ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար»,–գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 19-ին Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ Զագրեբում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, սակայն Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։

Sputnik Արմենիա