ԵՐԵՔՆ ԸՆԴԴԵՄ «ԱԶԳԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐԻ»

Իր հեռուստաալիքին տված ծրագրային հարցազրույցից հետո ԲՀԿ առաջնորդը շարունակում է ակտիվության երևութականություն ստեղծել քաղաքական դաշտում։ Այդպիսին է նախկին օլիգարխի արձագանքը «հանցավոր» ճանապարհով ձեռք բերված գույքից իրեն զրկելու ռեժիմի փորձին, իսկ «հանցավոր» է, ըստ քննության վարկածի, ԲՀԿ առաջնորդի ողջ ունեցվածքը՝ 100 տոկոսով։

Ծառուկյանն արդեն արտահայտվել է հօգուտ նրա, որ ոչ մի քաղաքական ուժ և առանձին վերցրած գործիչ ի վիճակի չէ դուրս բերել երկիրը ներկայիս աղետալի վիճակից, սակայն ԲՀԿ-ին ամենևին չեն շտապում միանալ ընդդիմության ճամբարի այլ քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները։ Բոլորն էլ գիտակցում են Գագիկ Նիկոլաևիչի շարժառիթները, ուստի չեն շտապում կանգնել նրա դրոշների ներքո, մանավանդ որ դրոշներն էլ կարող են առգրավվել՝ ձեռնարկությունների և Ավանի առանձնատան հետ մեկտեղ։ Փաշինյանի գերխնդիրը դարի շոու կազմակերպելն է՝ նախկին օլիգարխի կուլակաթափությամբ, ինչը կշեղի ուշադրությունը Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից։

Գիտակցելով ռեժիմի պարագլխի գերխնդիրը՝ Ծառուկյանը վերջին ուժերի լարումով ներկայանում է իշխող վերնախավի բռնաճնշումների լծի տակ գտնվող ազդեցիկ քաղաքական գործչի դերում, բայց նրան ակնհայտորեն պակասում է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։

Այդ առնչությամբ ուզում եմ հիշեցնել 2021թ.փետրվարի 2-ի հայտնի հանդիպումը՝ Ծառուկյանի մասնակցությամբ։ Այն մեծապես կանխորոշեց իրադարձությունների հետագա ընթացքն ընդդիմության ճամբարում։ Այդ օրը ուշ երեկոյան նույն հարկի տակ հավաքվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Այդ ժամանակ Ծառուկյանը դեռ գործարքի չէր գնացել Փաշինյանի հետ, ուստի նրա մարդիկ լրացնում էին Մանուկյանի գլխավորած «Հայրենիքի փրկության շարժման» փողոցային հոծախումբը։

Հիշյալ հանդիպման ընթացքում Ծառուկյանը հայտարարեց խորհրդարան միայնակ առաջադրվելու ԲՀԿ-ի մտադրության մասին՝ միանգամից մերժելով ընտրություններին համատեղ մասնակցելու ընդդիմության գաղափարը։

Երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սարգսյանը դեմ արտահայտվեց ընտրություններին մասնակցելուն, որի կազմակերպիչը լինելու է Փաշինյանը, իսկ Քոչարյանը շտապում էր Մոսկվա, որտեղ կարևոր հանդիպումներ էին ծրագրված: ՀՅԴ-ի հետ դաշինքով ընտրությունների գնալու երկրորդ նախագահի մտադրությունը որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում։ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում Վանեցյանի անցյալը բացառում էր երկրորդ նախագահի հետ նրա քաղաքական դաշինքի հնարավորությունը, ուստի հետագայում ի հայտ եկավ «Պատիվ ունեմ» դաշինքը, որից այսօր մնացել է միայն համանուն խմբակցությունը։ Հանդիպումը, կրկնեմ, տեղի ունեցավ փետրվարի 2-ին, իսկ արդեն փետրվարի 7-ին Փաշինյանը չեղարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց գաղափարով հանդես էր եկել 2020 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հայտնի է, որ Փաշինյանը մի քանի անգամ փոխել է արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը, հստակություն մտցվեց միայն «Ծառուկյան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ բանակցություններից հետո: Մարտի 18-ին Փաշինյանն օրենքի խախտմամբ անձամբ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Այդ ժամանակ գործարքն արդեն կայացել էր, և Ծառուկյանն իր մարդկանց տարել էր փողոցներից։ Ավելի ուշ նա ասաց, թե համաձայնել է գնալ արտահերթ ընտրությունների «Հայրենիքի փրկության շարժման» փողոցային ակցիաների թվի կրճատման պատճառով։

Ընդդիմության առաջնորդների փետրվարյան հանդիպման և արտահերթ ընտրություններին ընդդիմության մասնակցության վերջնական որոշման արանքում հրապարակվեց Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Գլխավոր շտաբի 40 գեներալների սկանդալային հայտարարությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման և բուն ընտրությունների արանքում տեղի ունեցավ մայիսի 12-ին զավթիչների ներխուժումը Սյունիքի տարածք, ինչին հաջորդեց 3 մարզերի տարածքի սողացող բռնազավթումը: ՀՀԿ-ն այդ ժամանակ էլ փոխնախագահ Արմեն Աշոտյանի շուրթերով հայտարարեց բռնազավթման պայմաններում արտահերթ ընտրությունների անցկացման աննպատակահարմարության մասին, բայց այդ կարծիքն անտեսեցին

Ընդդիմության շահերին դավաճանելու պատճառով Ծառուկյանի և Էդմոն Մարուքյանի կուսակցությունները խորհրդարան չանցան, ընդդիմությունը ներկայացված է երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարությամբ գործող ուժերով, իսկ ընտրություններից առաջ հրաժարական տված Փաշինյանը նույնիսկ չփորձեց թաքցնել, որ համապետական քվեարկության նախապատրաստման և անցկացման փուլում իր ձեռքում է պահել վարչապետի բոլոր լիազորությունները։

Փետրվարի 2-ի հանդիպումն առաջին անգամ վստահության պակասուրդ արձանագրեց ընդդիմադիր ուժերի առաջնորդների միջև և երկար ժամանակով զրկեց նրանց իրական համախմբման հնարավորությունից: Այսօր իրավիճակը որակապես այլ է։ Փաշինյանը փաստացի սպառել է իրեն որպես քաղաքական գործիչ, նրա ոչ մի ծրագիր չի աշխատում երկրի անվտանգ ապագայի օգտին։ Արցախի հանձնումը կյանքի բարելավում չբերեց, իսկ Բաքվից հնչող հայտարարությունները, թե Արցախը հանձնելուց հետո վերացել են խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, իրականում նույնպիսի բլեֆ դուրս եկան, ինչպիսին «խաղաղության խաչմերուկի» գաղափարն է։

Ռեժիմի պարագլխի քաղաքական ուղեգիծը ձախողում է արձանագրում բոլոր ուղղություններով, երկիրը տանում են դեպի հերթական պատերազմ՝ նրա տարածքի մի մասի բռնազավթման պայմաններում, իսկ ընդդիմությունը ցուցաբերում է համախմբման նշանների բացակայություն, առանց որի բողոքի բոլոր ակցիաները կարող են կրկնել խրոխտալի երաժշտության ներքո անցկացվող փողոցային երթերի սցենարը։ Այդ ակցիաները ծառայեցին լոկ որպես կափույր՝ գոլորշին բաց թողնելու համար, այդ ակցիաները նույնքան հեռու էին ռեժիմի տապալումից, որքան Լուսինը՝ Գուսանագյուղից։

Այն մասին, որ Ալիևին պետք է ոչ այնքան «Զանգեզուրի միջանցքը», որքան ամբողջ Սյունիքը, վաղուց է խոսվում։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիք ներխուժելուց հետո ադրբեջանցիները անմիջապես սկսեցին դիրքեր կառուցել մարզի տարածքում։ Սյունիքը Հայաստանի մասնատման առաջին փուլն է։ Արցախը նույնպես զավթեցին 2 փուլով, կրկնվում է նույն սցենարը, որին իշխող ռեժիմը ոչինչ չի կարող հակադրել, բացի պոպուլիզմի հերթական չափաբաժնից։

Ընդդիմությանն անհրաժեշտ է համախմբում՝ փոխվստահության և ռեժիմի տապալման միասնական «ճանապարհային քարտեզի» հիման վրա։ Ժողովրդին պայքարի հանելու տարանջատ փորձերը ոչնչի չհանգեցրին։ Հասունացել է երեք նախագահների նոր հանդիպման, միասնության և ստեղծված իրավիճակից ելքի ուղիների որոնման կոնկրետ հարթակի անհրաժեշտությունը։ Ժամանակն է ցույց տալ ժողովրդին՝ պատրաստ է արդյոք այս եռյակը գլխավորել կապիտուլյանտի ռեժիմի տապալմանն ուղղված պայքարը, թե չարժե հույս փայփայել, որ պետության ղեկավարները կմիավորվեն ու կգլխավորեն Հայաստանի փրկության պայքարը:

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԿԱՐՈՂ Է ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՄԻԱՅՆ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ։ Այդպիսի համախմբման հնարավորության ակնարկ էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ստորագրությունը ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ։ Դատելով այդ ստորագրության վերաբերյալ փաշինյանական քարոզչամեքենայի բուռն արձագանքից՝ ռեժիմի պարագլուխն ամենից առավել վախենում է Տեր-Պետրոսյան – Քոչարյան – Սարգսյան միությունից։

Վտանգված է Հայաստանի ապագան, ռեժիմի պարագլխի հակաժողովրդական էությունը կասկածից վեր է։ Ժողովուրդը պատրաստ է պայքարել Հայաստանի ապագայի համար, անհրաժեշտ է մոբիլիզացնող և համախմբող բաղադրիչ՝ ի դեմս պետության երեք առաջնորդների։ Մյուս առաջնորդները 6 տարվա ընթացքում չդրսևորեցին իրենց. քաղաքական դաշտում չկան նոր գործիչներ, որոնք կարող են տանել զանգվածներին իրենց հետևից։ Կա՛մ երեք նախագահները, կա՛մ սպասենք, թե երբ է Արևմուտքի կամքով Փաշինյանը զիջելու աթոռը Արմեն Գրիգորյանին կամ Վաշինգտոնի ու Անկարայի մեկ այլ խամաճիկի։

Նրանց, ում երեք նախագահների համախմբման գաղափարը փակուղային կթվա, պատասխանեմ, որ շատ ավելի փակուղային է միայնակ գոյատևելու նրանց փորձը։ Անցած տարիները ցույց տվեցին ռեժիմին ինքնուրույն դիմակայելու փորձերի անարդյունավետությունը։ Անհրաժեշտ է Հայաստանի փրկության օրակարգ ունեցող քաղաքական բոլոր ուժերի միավորում՝ վստահության և նպատակի միասնականության հիման վրա:

Եթե պետության նախկին ղեկավարները չկարողանան միասնականություն ապահովել հանուն Հայրենիքի փրկության, ապա, ներեցեք, ի՞նչ տարբերություն նրանց և Ծառուկյանի միջև, որը բոլոր ժամանակներում առաջին տեղում է դրել իր անձնական շահերն ու իր միլիարդները: Մի՞թե Լևոն Հակոբիչը համարում է, թե կարելի է Փաշինյանին անվանել «ազգի գերեզմանափոր», իսկ հետո տարիներ շարունակ հետևել, թե ինչպես է նա արդարացնում այդ բնորոշումը։

Տպավորություն է ստեղծվում, որ իրական ընդդիմությունը (առայժմ) չի միջամտում սեփական գործերին, այլ սպասում է ճերմակ ձիով ասպետի, որն իր փոխարեն կանի ռեժիմի պարագլխին իշխանությունից հեռացնելու ողջ կեղտոտ աշխատանքը։ Ժամանակը ցույց տվեց, որ նորաթուխ կուսակցությունների առաջնորդների այն հայտարարությունները, թե ՀՀ նախկին ղեկավարներն իբր յուրացրել են ընդդիմադիր խորշը և թույլ չեն տալիս կայանալ նոր ուժերին, հիմնազուրկ են։ Ընդդիմադիր ուժերից ոչ մեկը վերջին տարիներին չի կարողացել ապացուցել, թե ի վիճակի է մոբիլիզացնել զանգվածներին պայքարի, այնպես որ երեք նախագահներին, նրանց կուսակցություններին և քաղաքական ուղեկիցներին այլընտրանք չկա և չի նախատեսվում։ Նրանք, ովքեր հակված են նախագահների մեջ տեսնել միայն հեռացող քաղաքական կերպարների, չափից ավելի խտացնում են գույները։

Կա՛մ նախկին ղեկավարները կմոռանան տարաձայնություններն ու անձնական հավակնությունները, որոնք խանգարեցին նրանց միասնական որոշման գալ 2022թ. սեպտեմբերի 22-ին Էջմիածնում Կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, կա՛մ համաժողովրդական դժգոհության ալիքը կթամբեն խորշելի ուժերը, որոնք զանգվածային ընդվզման այդ ալիքի վրա ունակ են միայն իշխանության բերել հերթական խամաճիկին։ Այն, որ այդ ընդվզումը տեսանելի հեռանկարում ժայթքելու է Երևանի և այլ քաղաքների փողոցներ, կասկածից վեր է։

Եվ էլի մի բան. նախագահների լռությունը շատերը վերագրում են արտաքին գործոններին, սակայն այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ այդ գործոններին մեծ ուշադրություն հատկացվի։ Նման ուշադրության արժանի են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության երեք նախագահների ճակատագրերը…

Արտաքին ուժերը գերազանց տեղեկացված են, որ Փաշինյանի ռեժիմը սպանդի է տանում երկիրն ու ժողովրդին, ուստի հարցը ծայրաստիճան կոնկրետ է դրված. կա՛մ ժողովուրդը պայքարի է ելնելու պետության ապագայի համար, կա՛մ չի լինելու բուն պետությունը և պետության անունից դատավճիռը մեղադրյալ Փաշինյանին՝ ազգային շահերին դավաճանելու համար…