ՓԱՌՔԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ…

1991թ. դեկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ 1992թ. հունվարի 28-ին Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Այդ օրը համարվում է Հայոց Բանակի օր։ Նույն թվականի մարտի 26-ին ԼՂՀ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանությաննքնապաշտպանության) կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Նույն գարնանը Արցախյան ազատամարտը թևակոխեց առաջին շռնդալից հաղթանակների փուլ։

Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Գուրգեն Դալիբալթայան, Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան. բոլորին չես թվարկի. ուսադիրավոր հարյուրավոր մարդիկ ոսկե տառերով են գրել իրենց անունը ազգային բանակի ստեղծման ու կայացման տարեգրության մեջ, մեր գլխավոր հարստության, հայկական երկու պետությունների անկախության ու զարգացման հիմնական երաշխավորի՝ մինչև 2018թ. գարուն:

Ամեն տարի հունվարի 28-ին՝ 1992-ից մինչև 2018 թվական (26 տարի) Հայաստանում և Արցախում լրատվամիջոցները գրում ու խոսում էին Հայոց բանակի մարտունակության բարձրացման մասին: «Գոլոս»-ը գրել է պաշտպանության ոլորտում բարեփոխումների մեկնարկի և ավարտի մասին (2007-2015թթ.), անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների, Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում որակավորման բարձրացման կենտրոնի ձեռքբերումների, ԱՄՆ-ում, Հունաստանում, Իտալիայում, Գերմանիայում և այլ երկրներում զինվորական կուրսանտների ուսուցման մասին: Լրատվամիջոցները շատ են գրել «Գորոխովեց» և «Աշոցք» ուսումնական կենտրոններում մարտական հրթիռներով զորավարժությունների, «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում «Ատոմանտիտեռոր» զորավարժությունների մասին և այլն: 2018-ից ի վեր լրատվամիջոցները հրապարակում են միայն Փաշինյանի խամաճիկային ռեժիմի կողմից ԶՈՒ-ի նպատակային ոչնչացման տարեգրությունը։

Բանակը դարձավ 2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթման կազմակերպիչների և նրանց արտաքին տերերի գլխավոր թիրախը։ Առաջին հարվածն իրենց վրա վերցրեցին ուսադիրավոր մարդիկ և նախագահները, որոնց գլխավոր խնդիրն է եղել զինված ուժերի ամրապնդումը, Հայաստանի և Արցախի անվտանգության ու պաշտպանունակության բարձրացումը։ 2018թ. նոյեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչվեց և կալանավորվեց գեներալ Յուրի Խաչատուրովը: Մինչ օրս հետախուզման մեջ է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության մյուս նախկին նախարարին՝ Սեյրան Օհանյանին 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքից հետո ներկայացվել են նոր մեղադրանքներ

Հաղթանակի գեներալներն առաջինն էին, ում Փաշինյանի ռեժիմը պատերազմ հայտարարեց՝ ոչնչացնելու նպատակադրությամբ։ Այդ քաղաքականությունն առավել ցայտուն դրսևորվեց լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար, գեներալ Մանվել Գրիգորյանի ցուցադրական սպանությամբ՝ շինծու գործով դատաքննության ընթացքում, ինչպես նաև Արցախի նախագահի պաշտոնում առաջադրման փուլում գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ ուղղված քայլերով։ Այդ գեներալի դեմ պայքարին միացավ սորոսական ողջ գվարդիան։

Սորոսական ազդեցիկ կազմակերպությունները Ստեփանակերտում իրենց մասնաճյուղերը բացեցին Փաշինյանի կառավարության միջոցներով՝ նախընտրական իրավիճակին հետևելու համար։ Բալասանյանին չեզոքացնելու գործողությունը Հաղթանակի գեներալների վարկաբեկման տարեգրության ամենախայտառակ էջերից մեկն է։ Արցախի նախագահի պաշտոնում Հաղթանակի գեներալը պետք չէր Փաշինյանին, հնազանդ կամակատարի դերին ավելի շատ համապատասխանում էր Արայիկ Հարությունյանը։

Եթե մինչև 44-օրյա պատերազմը 2008թ.մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով մեղադրյալի աթոռին էին հայտնվել մարտական գեներալներ Ս.Օհանյանն ու Յու.Խաչատուրովը, իսկ գեներալ Մ.Գրիգորյանին մեղադրանք էր ներկայացվել զինվորական օրապահիկները գողանալու մեջ, ապա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների ղեկավարումից հեռացվեցին գրագետ ու փորձառու հրամանատարները: Գեներալ Մովսես Հակոբյանը հեռացվեց այն պատճառով, որ դիտողություն էր արել Փաշինյանի կնոջը, երբ վերջինս մտել էր հրամանատարական կետ: Հայտնի է դրվագը, երբ մարտական գործողությունների թեժ պահին Ստեփանակերտ մեկնած Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարակուսանքով հարցրել է փորձառու մարտական գեներալներին, թե ինչու են բոլորը քաղաքացիական կարգավիճակում։

Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման պայմանավորված պատերազմից հետո եկավ ինքնիշխան Հայաստանի տարածքի պայմանավորված բռնազավթման ժամանակը՝ 2021 թվականի մայիսի 12-ից։ Սողացող բռնազավթման թեժ պահին 2021 թվականի օգոստոսի 13-ին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից հեռացվեց Ժիրայր Պողոսյանը։ Հենց այդ կորպուսն էր իրականացնում Սյունիքի պաշտպանությունը, այլ կերպ ասած՝ ոսկոր էր Փաշինյանի կոկորդին, որը 44-օրյա պատերազմից հետո բացեց Սյունիքի դարպասները զավթիչների առջև։

Պողոսյանը վայելում է հայկական հողի ամեն թիզի համար կյանքը զոհելու պատրաստ գեներալի համբավ, հենց այդպես են նրա մասին խոսում բոլոր նրանք, ովքեր երբևէ ծառայել են նրա ենթակայության տակ: Փաշինյանի համար նման մարդիկ առանձնահատուկ վտանգ են ներկայացնում։ Ռեժիմի պարագլուխն ու ՊՆ-ում և ԳՇ-ում իր դրածոները առավելագույն ջանքեր գործադրեցին, որպեսզի ստիպեն Պողոսյանին հրաժարական տալ նախքան լիազորությունների ժամկետի ավարտը: Հրաժարականից հետո նրան ուղարկեցին ՌԴ՝ հեռու Սյունիքում ծավալվող իրադարձություններից, որտեղ ադրբեջանցի զավթիչները «ջի-փի-էս»-ի միջոցով վռնդում էին հայերին իրենց տներից։ Հայկական ստորաբաժանումները դուրս բերվեցին Կովսականից ու Սանասարից, զավթիչների վերահսկողության տակ հայտնվեց Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածը։ Այդ ժամանակ զավթիչներն արդեն սկսել էին ճանապարհներ կառուցել դեպի իրենց դիրքեր՝ մեր երկրի տարածք ծանր ռազմական տեխնիկա տեղափոխելու համար...

Եթե զինուժի ոչնչացման առաջին փուլում պայքար էր մղվում Հաղթանակի գեներալների դեմ, ապա երկրորդ փուլում վարկաբեկման ենթարկվեցին պրոֆեսիոնալ զինվորականներն ու մատակարարները։ Զենքի մատակարարման հետ կապված աղմկահարույց գործով ձերբակալվեցին ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, սպառազինության մատակարարման ոլորտի գործարար Դավիթ Գալստյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից հեռացվեց Խաչատուր Խաչատրյանը:

Գործընթացը սկսեց թափ հավաքել Փաշինյանի հրաժարականի պահանջով գեներալ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ Գլխավոր շտաբի 40 գեներալների ստորագրությամբ աղմկահարույց հայտարարությունից հետո։ Դա 2021 թվականի փետրվարի 25-ին էր։ Դրանից հետո փորձառու գեներալներից շատերը հեռացվեցին, ինչը հեշտացրեց 3 մարզերի տարածքների զավթումը, որը սկսվեց հիշյալ հայտարարությունից 3 ամիս անց։ Այսօր ռեժիմը հետապնդում է Հաղթանակի վերջին գեներալին (նա է ղեկավարել վերջին մարտական գործողությունները, որոնցում հայկական ստորաբաժանումները հաղթանակ են տարել)՝ 44-օրյա պատերազմի մասնակից և դրան նախորդած տավուշյան գործողության հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Երկուսն էլ՝ հայր և որդի Խաչատուրովները ստորագրել են Փաշինյանի հրաժարականի պահանջով Գլխավոր շտաբի վերոնշյալ հայտարարության տակ։

Մի օր ԶՈՒ նպատակային ոչնչացման տարեգրությունը կդառնա Փաշինյանի ռեժիմի կողմից հայոց պետականության ոչնչացման քրեական գործի մեղադրական եզրակացություն։ Այսօր գործընթացն արդեն հասել է մի փուլի, երբ փորձում են ժողովրդի հիշողությունից ջնջել հաղթանակներն ու հերոսներին։ Ոչ վաղ անցյալում մենք պատմել ենք այն մասին, թե ինչպես էր ինչ-որ մեկը Կիևյան կամրջի տակ մեծ պաստառ փակցրել հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով։ Պաստառի վրա գրված էին երիտասարդի վերջին բառերը, որ նա արտաբերել է նռնակի օղակը ձգելուց առաջ։ Իսկ նախատոնական օրերին Երևանի ողջ տարածքում փակցված էին նաև այլ պաստառներ:

Կարմիր խորապատկերին պատկերված էր գեներալ Լևոն Մնացականյանը, մյուս պաստառի վրա՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, յուրաքանչյուր պաստառի տակ գրված էր. «Բաքվի բանտում է»: Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի մուտքի մոտ Մնացականյանի պատկերով պաստառը դեկտեմբերի 30-ից հետո անհետացավ: Ոչ վաղ անցյալում իշխանությունն իրազեկեց 2023թ. սեպտեմբերի 19-20-ին արցախահայության ցեղասպանության և բռնի տեղահանման զոհերի թվի մասին։ Հայտնի է 2022թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի զոհերի մոտավոր թիվը։ Հայտնի է 44-օրյա պատերազմում կորուստների պաշտոնական թիվը, սակայն ռեժիմը համառորեն թաքցնում է 2021թ. նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմի զոհերի և գերիների իրական թիվը։ Պաշտոնապես հրապարակված թվերը հավաստի չեն թվում…

Այդ օրը, հիշեցնեմ, թշնամին գրոհեց միանգամից մի քանի ուղղությամբ, իսկ հայ զինվորներն ու սպաները կենաց ու մահու կռիվ տվեցին՝ արիության ու հերոսության հրաշքներ գործելով։ Դա առաջին դեպքն էր, երբ 2021 թվականի մայիսի 12-ի բռնազավթումից հետո իշխանությունը չեղարկեց «Չկրակե՛լ» հրամանը։ Հայ զինվորականները հնարավորություն ստացան պաշտպանել իրենց դիրքերը։ Հայ զինվորների գործողությունների առնչությամբ իր հիացմունքը Հանրային հեռուստաընկերության եթերում չկարողացավ թաքցնել նույնիսկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը...

Ուժերն անհավասար էին, ուստի ադրբեջանցիներին հաջողվեց գերեվարել վիրավոր հայ զինվորներին, նրանց թիվը մինչ օրս չի հրապարակվում... «Որ կողմ նայում ես՝ ամենուր հերոսներ են». Փաշինյանի այս հայտարարությունը՝ ձայնի մեջ վշտացածության նոտաներով, Հայոց բանակի վարկաբեկման և ոչնչացման ուղեգծի ամենախոսուն վկայությունն է։ Դասալիքին ամենից շատ նյարդայնացնում են ուրիշների հերոսության մասին խոսակցությունները։ Պատահական չէ, որ հենց Փաշինյանի կինը սկսեց զանգվածների մեջ սերմանել Ալիևի հայտնի թեզը 44-օրյա պատերազմի ընթացքում, իբր, 11 հազար դասալիքների մասին։

ԱԱԾ-ին և ՔԿ-ին այդպես էլ չհաջողվեց 11 հազար մեղադրական եզրակացության վերածել այդ սուտը։ Գրեթե 6 տարի շարունակ հայ ժողովրդին ներշնչում են, թե չունի ու չի ունեցել հերոսներ, այլ եղել են ու կան միայն դասալիքներ և դավաճաններ։ Այդ քարոզչությունը գլխավոր քայլն է բանակի կործանման և հայոց պետականության ոչնչացման ուղղությամբ:

Իշխանությունը զավթելուց անմիջապես հետո Փաշինյանը ձգտել է փոխարինել մարտական գեներալներին հնազանդ կամակատարներով՝ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի («Ռեստորանի Վաղո» մականունով) և Արտակ Դավթյանի։ Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնում այդ գեներալներն առաջին կրճատումներն անցկացրեցին ԶՈՒ-ում՝ բանակային կորպուսների օպտիմալացման ցուցանակի տակ։ Պրոֆեսիոնալ զինվորականները մեղադրում են նրանց բանակի փլուզմանը մասնակցության մեջ։

44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը հրաժարվեց Իրանի հետ և ՀԱՊԿ ձևաչափով զորավարժություններ անցկացնելուց, փոխարենը 2023թ. օգոստոսին Տավուշում կազմակերպվեցին զորախաղեր: Փաշինյանն անձամբ ներկա էր դրանց, ոմանց նույնիսկ թվաց, թե ռեժիմի պարագլուխը որոշել է վերանայել իր վերաբերմունքը ԶՈՒ-ի նկատմամբ։ Ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ խաղերը կազմակերպվել են լոկ դրանց անցկացում գրանցելու համար։ Իսկ 2023 թվականի տարեվերջին ՀՀ ժամանեց գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնետին՝ ՆԱՏՕ-ի մոդելով հայկական ԶՈՒ-ի արդիականացման նախնական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Սա հերթական էջն է ազգային բանակի փլուզման գործում, իսկ առաջին էջը չափազանց ճշգրիտ բնորոշել է Արցախի հերոս, հաղթանակի գեներալ Մ.Հակոբյանը. «Մենք դեռևս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։ Այդ առնչությամբ Հակոբյանը զեկուցեց Փաշինյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Դավթյանի նշանակման անթույլատրելիության մասին, բայց ռեժիմի պարագլուխը յուրովի վարվեց։ Տարածքային այդ զիջումներով սկսվեց հայոց բանակի կործանման տարեգրությունը, իսկ ավարտին կհասցնեն դա Փաշինյանի դրածոները։ Այն մասին, որ պաշտպանության նախարար - ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը չունի ռազմական կրթությամբ ոչ մի տեղակալ, մեր լսարանին տեղեկացրել ենք բազմիցս…