Զախարովա․ Ակնկալում ենք ՀՀ-ի արձագանքը վանդալիզմի դրսևորումներն այսուհետ կանխելու համար

Սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշակոթողի պղծման դեպքը։

Ռուսաստանը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը։

«Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածը չընդունելու սուր արձագանքը։ Նույնը ակնկալում ենք նաև հանրապետության իշխանություններից»,- ասել է Զախարովան։

Նա շեշտել է, որ ՌԴ-ն թույլ չի տա ծաղրել շրջափակման ժամանակ զոհված 1 մլն 384 հազար լենինգրադցիների պայծառ հիշատակը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ նման արարքները հետևանք է նաև Հայաստանում սանձազերծված արշավին, որն ուղղված է Ռուսաստանի դեմ, և որը նպատակ ունի սևացնել Հարավային Կովկասում նրա դերը։

Զախարովայի խոսքով՝ վանդալիզմի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ քննչական կոմիտեում։

ՌԴ-ն շնորհակալություն է հայտնել ՀՀ քաղաքացիներին, որոնք այսօր նոր ծաղկեպսակներ են դրել հուշակոթողին` ընդգծելով, որ Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը որևէ մեկը չի կարող վերաշարադրել։

Sputnik Արմենիա