Զախարովան Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին. պետք է հասկանալ, թե որքանով է դա անվտանգ
Եթե որևէ մեկը մերձենալ է ցանկանում, պետք է հասկանալ, թե որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցրել ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը շատ երկրների՝ ներգրավվածություն հակամարտություններում, ինքնիշխանության և անկախության կորուստ, օտարի կամքին հնազանդեցում այդ բառի բոլոր իմաստնեով և բոլոր ոլորտներում, և որ գլխավորն է՝ սեփական ազգային շահերը իրականացնելու հնարավորության բացակայություն։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Հարավային Կովկասում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է ՆԱՏՕ-ի հետ մերձեցմանը։
«Հավանաբար, այստեղ պետք է մեկնարկել բազային դրույթներից։ Իսկ որո՞նք են յուրաքանչյուր երկրի, մասնավորապես՝ Հայաստանի ազգային շահերը։ Հավանաբար, պետք է վերլուծել դա, պետք է, հավանաբար, բացել քարտեզը, պետք է նայել, թե որ տարածաշրջանում, որ հարևանների միջև է գտնվում այդ երկիրը։ Պետք է կարդալ պատմության դասագրքերը նրանց համար, ովքեր արտահայտվում են ոչ թե պարզապես ինչ-որ մեկի հետ մերձեցման օգտին, այնուամենայնիվ, ինքնիշխան երկրները կարող են իրենք ինքնուրույն լուծել այդ հարցը, այլ հօգուտ հենց մի ինչ-որ մերձեցման, որը ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների, հարևանների հետ, կամ գոնե դրանց խափանում։ Պետք է այս ամենը ուսումնասիրել և հասկանալ, թե որն է հենց Հայաստանի ազգային շահը, որն է շահեկան, որն է կարճաժամկետ շահ բերում, որը՝ միջնաժամկետ, որը՝ երկարաժամկետ, և դրանից ելնել, այլ ոչ թե խոստումներից»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ արևմուտքում բոլորին խոստանում են։ «Բայց ինձ հետաքրքիր է, թե որտեղ ինչ են կատարել։ Այո, երբ պետք է կաշառել պաշտոնյաներին, ինչպես եղավ Ուկրաինայում, ինչպես դա տեսնում ենք Մոլդովայում, ինչպես դա ընդհանուր առմամբ եղավ այլ պետություններում, դրա համար նրանք փող և այլն ունեն։ Իսկ երբ պետք է ստեղծել իրական նյութական պլատֆորմներ և բազիս համապատասխան երկրների տնտեսության զարգացման համար, որոնց հետ մերձեցման ակնկալիք ունեն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն, ապա չգիտես ինչու խոստացվածը չի կատարվում։ Ես վերջին 30-40 տարիներին օրինակներ չգիտեմ, չեմ տեսել»,- նշել է Զախարովան։
News.am