Քերոբյանը տեղյակ չէր, որ ԱԱԾ-ն մտել է իր ղեկավարած գերատեսչություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէր, որ ԱԱԾ–ն մտել է իր ղեկավարած գերատեսչություն։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանին և Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին բերման են ենթարկել։

Նախարարը նաև տեղյակ չէր, թե ինչ նպատակով է ԱԱԾ–ն նախարարությունում։

«Բնականաբար, պետական կառավարման մարմիններ հիմնականում կարող են մտնել կոռուպցիոն գործերով, և մենք գերկարևորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը: Բայց նաև պետք է նշեմ, որ հարգում ենք նաև մարդկանց անմեղության կանխավարկածը: Նաև նշեմ, որ վերջին երեք տարվա մեջ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հետ կապված նման բաներ չի եղել»,– վստահեցրեց նա:

Դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկել է իր նշած այդ գործողությունների հետ՝ Քերոբյանը նշեց, որ դա ընդամենը պատահականություն է։

«Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանքի է անցել, պատրաստվում են տեղափոխվել, և տեղափոխվելուց մի քանի օր առաջ դիմում է գրել»,– ասաց նա:

Նախարարը խնդրեց իրեն այլ հարցեր չտալ, քանի որ այդ ընթացքում ԱԺ–ում է եղել ու մանրամասների չի տիրապետում։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների` պաշտոնից ազատված պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: