Արծվիկ Մինասյան․ Ալիևը հոխորտում է` ամեն ինչ իրենն է, Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել

ՀՀ իշխանությունները պատրաստ են բառացիորեն ամեն ինչ զիջել Ադրբեջանին։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ 2023թ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ընդունել է մի որոշում, որտեղ նշված չէ, թե հայկական կողմը ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների գործունեության ժամանակ։

«Ավելին, սևով սպիտակի վրա նշված է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ընդունում են այդ փաստաթուղթը, որը, որպես այդպիսին, աշխատակարգ էլ չէ։ Մինչդեռ սկզբունքները պետք է արտացոլված լինեն փաստաթղթում և բխեն միջազգային լավագույն փորձից, որը արտացոլված է ԵԱՀԿ փաստաթղթում։ Ալիևը հոխորտում է, թե այն, ինչ իր տիրապետության տակ է, իրենն է, ու մնացածներն էլ պետք է տանք, իսկ հայկական կողմը տալիս է զրո արձագանք։ Ավելին` ՀՀ իշխանությունները պատրաստ են բառացիորեն ամեն ինչ զիջել` անկլավներից սկսած մինչև պետականության հիմքերը խարխլելով»,– ընդգծեց Մինասյանը։

Ըստ նրա` եթե ՀՀ կառավարությունը 2023 թ. դեկտեմբերին ընդունում է նման որոշում, որը, ըստ էության, միջազգային համաձայնություն է, ապա որքանո՞վ է դա իրավաչափ, եթե չի անցել ներպետական ընթացակարգերը։

«Ի վերջո, ո՞վ է Փաշինյանին տվել իրավունք, որ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերում այս հանձնաժողովի գործունեության հետ կապված և ասում է` գնացեք, ամեն ինչի մասին խոսեք` առանց սկզբունքների։ Եթե Ալմա Աթայի գործընթացը բերվել ու խցկվել է այս գործընթացի մեջ, ինչո՞ւ որպես կարևորագույն սկզբունք չի դրվում այն, որ երկրների փաստացի սահման արտահայտությունը վերաբերելի է այդ երկրի պաշտոնապես անդամակցության, վավերացման պահից։ Հեյդար Ալիևի ռատիֆիկացիոն գրությամբ Ադրբեջանը ևս միացել է այդ համաձայնագրին 1993 թ. սեպտեմբերին։ Առնվազն 1993 թ. դրությամբ պետք է սահմանները ճշտգրտվեն, իսկ 1993 թ. դրությամբ ո՛չ Արցախը, ո՛չ ՀՀ որևէ տարածք Ադրբեջանի իրավազորության տակ չէր»,– հայտարարեց նա։

Մինասյանի խոսքով` ակնհայտ է, որ ՀՀ–ն` ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրականցնում է զիջման, հանձնվելու քաղաքականություն` կեղծ խաղաղասիրական կոնցեպտի ներքո։

«Սարսափելի է գիտակցել, որ իշխանությունը փորձում է ուրանալ երրորդ հանրապետության հիմքերը։ Դա նման է շենքի, որը կառուցված է կոնկրետ հիմքերի վրա` Անկախության հռչակագրում նշված սկզբունքների հիման վրա, իրենք ասում են՝ բերեք, այդ հիմքերը փոխենք։ Եթե փոխում ես հիմքը, նշանակում է՝ շենքը քանդում ես, դա նշանակում է՝ վերացնել երրորդ հանրապետությունը այսօրվա իշխանությունը գնում է դրան։ Սա թուրք–ադրբեջանական պահանջ է, ու ինչքան էլ փորձեն կուրծք ծեծել, որ դա իրենց կապ չունի, ակնհայտ է, որ այդպես է»,– վստահեցրեց պատգամավորը։

Նա համոզված է, որ Ադրբեջանը միշտ ինչ–որ բան է պահանջելու է, հարցն այն է` ՀՀ–ն կարողանալո՞ւ է ասել «ոչ»։

Sputnik Արմենիա