Շուշիի տեխնոլոգիական համալսարանը այսուհետ կգործի Հայաստանում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանն իր գործունեությունը կշարունակի Հայաստանում, տեղեկացնում է համալսարանի ֆեյսբուքյան էջը։

Ըստ հրապարակման՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը տվել է համապատասխան փաստաթուղթը։

«Կրթական լիցենզիաների ձեռք բերման և ընդունելության վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- ասված է հայտարարության մեջ։

Համալսարանն ստեղծվել է 2015 թվականին։ 2016 թ. ապրիլի 14-ին Կազանում տեղի ունեցած Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի վարչության որոշմամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը ընտրվել է Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի անդամ։

Շուշիի անկման մասին Armenia Today-ին՝ 2020-ի նոյեմբերի 9-ին, ժամը 17:30-ին տեղեկություն է հաղորդել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նոյեմբերի 7-ին ՊԲ-ն կորցրել էր վերահսկողությունը Շուշիի վրա։