Դատարանը Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման

Դատարանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։

Դատավորը նվազագույն պատիժ կիրառեց` հաշվի առնելով, որ Չարչյանը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ։

«Սահմանվեց փորձաշրջան, սա նշանակում է, որ Չարչյանն անազատության մեջ չի գտնվելու։ Դատավճռի մասով մենք ունենք անհամաձայնություն, մենք ի սկզբանե ասել ենք, որ Չարչյանն անմեղ է, ու տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ։ Դատական ակտը նորից բողոքարկելու ենք և փորձելու ենք արդարությունն արդարացման տեսանկյունից վերականգնել վերաքննության կարգով»,– լրագրողներին ասաց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը։

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։

Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։

Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։

Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։

Sputnik Արմենիա