Արմեն Գալջյան․ Ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է

Սիրելի երևանցիներ, ընդդիմության կողմից տարածվող լուրերը, թե տրանսպորտի սակագինը դառնում է 260 դրամ կեղծ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

«Երևանի քաղաքապետարանում շրջանառության մեջ է դրվել միասնական տոմսային համակարգի նախագիծ, որով առաջարկվում է տարբեր սակագնային փաթեթներ՝

մեկանգամյա, մեկօրյա և շաբաթական, որոնց հիմնական շահառուն լինելու են զբոսաշրջիկները, ինչպես նաև ամսական, եռամսյակային և տարեկան, որոնց հիմնական շահառուները լինելու են ամենօրյա օգտվող քաղաքացիները, ինչպես նաև գործելու են արտոնյալ սակագներ թոշակառուների, ուսանողների և այլ խմբերի համար:

Նախագիծը ընդունվելու դեպքում միասնական տոմսային համակարգը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի աշնանը, երբ երթուղի դուրս կգան նոր 171 ավտոբուսները:

Ամբողջական նախագծին կարող եք ծանոթանալ yerevan.am կայքում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ:

News.am