Վարդան Ղուկասյան․ «Հանրային ձայնն» այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի

«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։

«Սիրելի Երևանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետևյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երևանցիների հոգսերը հնարավորինս թեթևացնելու համար:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐևԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին և իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, Հանրային Ձայն ֆրակցիան այլևս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երևանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ և անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն:

Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,-նշված է հայտարարության մեջ։

News.am